ԵԼՔ դաշինքից՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն երեկ փաստում էր, որ Երևանի Մաշտոցի պողոտայում խնդրահարույց հատվածներ կան: Այսօր արդեն նա արձանագրում է՝ «գիշերը Մաշտոցի պողոտայում գործ են արել, Մաշտոցի պողոտայի խնդրո առարկա հանդիսացող հատվածը ասֆալտապատել են»:
«Քաղաքապետարանի պաշտոնյաները կպնդեն, որ դա վաղուց պլանավորած էր, այդ օրը, այդ ժամին պետք է տեղի ունենար ասֆալտապատում, բայց այս պահին դա էական չէ»,- նշեց Փաշինյանը:
Նա, սակայն, իր անհամաձայնությունը հայտնեց Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության հետ, որտեղ նշվում է՝ ասֆալտապատումը կարող է տևել մի քանի օր. «Նման պրոցեսը չի կարող և չպետք է երկար տևի, քանի որ այդպես խաղում են քաղաքացիների նյարդերի հետ, և կասեցնում քաղաքային տնտեսության աշխատանքը: Ես կարծում եմ՝ այդ մասին պետք է տեղեկացնել նախապես, թե որ հատվածում են աշխատանքներ իրականացվելու»:
Անդրադառնալով՝ ասֆալտապատման աշխատանքների երկարաձգելու գործընթացի վերաբերյալ քաղաքապետարանի պատճառաբանությանը, որը կապվում է անձրևային եղանակի հետ, Փաշինյանը հարց ուղղեց. «Ժողովուրդ ջան, չունե՞ք Գագիկ Սուրենյանի հեռախոսահամարը, ասեք՝ փոխանցենք: 21-րդ դարն է և օթերևութաբանական ծառայությունները երբեմն րոպեի ճշտությամբ ասում են՝ երբ է անձրև գալու ու ինչպիսին է լինելու եղանակը»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այն պահից, երբ ինքը լինի Երևանի քաղաքապետ, նման գործընթացները կբացառվեն. «Այն պահից, երբ դուք ինձ կընտրեք Երևանի քաղաքապետ, նման դարակազմիկ իրադարձությունների չեք հանդիպի, կհանդիպեք օրակազմիկ իրադարձությունների»: