«Music Talent League 2017» երաժշտական միջազգային մրցույթն անցկացվել է ապրիլի 5-9-ը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում: Հայաստանը ներկայացրել են 9-ամյա Անժելա Ալբերտյանը, ով իր տարիքային խմբում առաջին տեղն է զբաղեցրել և 20-ամյա Մերի Ավետիսյանը, ով արժանացել է «Գրան պրի»-ին և առաջին մրցանակին: Այս մասին «Արմենպրես»-ը զրուցել է «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի» նախագահ Արման Ղուկասյանի հետ, ով նաև մրցույթի ժյուրիի անդամ է եղել:

 

«Անժելա Ալբերտյանը կատարել է հայրենասիրական «Ազգ իմ փառապանծ»-ը, իսկ Մերի Ավետիսյանը' «Listen» երգերը: Վերջինս արժանացել է նաև մրցույթի 300 եվրո դրամական պարգևին, որը խաղարկվել է առաջին տեղերը զբաղեցրած բոլոր մասնակիցների միջև»,- ասաց Ղուկասյանը և հավելեց, որ Մերիին հրավիրել են մասնակցելու «Բալթյան ձայներ» հեղինակավոր մրցույթին, որը կանցկացվի ամռանը:

 

Նախագահի խոսքով' ինքը երրորդ անգամ է համագործակցում Մերի Ավետիսյանի հետ: 2016 թվականի նոյեմբերին Մերին մասնակցել է Գերմանիայում անցկացվող երաժշտական մրցութին, որտեղ առաջին մրցանակն է շահել, այնուհետև' Լոնդոնում կայացած մրցութներից մեկին:

 

Անդրադառնալով գնահատականների օբյեկտիվությանը' Արման Ղուկասյանն ընդգծեց, որ ժյուրիի 20 անդամների մեծամասնության քվեարկության արդյունքում են ընտրվել հաղթողները, և ինքը չի կարծում, որ իր ժյուրիի կազմում լինելը որոշիչ դեր է խաղացել իր հայրենակցուհիների հաղթանակի հարցում:

 

Մրցույթին 12 երկրներից 430 երաժիշտներ են մասնակցել: Այն նկարահանել է Լիտվայի առաջին պետական հեռուստատեսությունը: Մրցույթի տեսագրությունը շուտով կտեղադրվի նաև համացանցում:

 

Լուսանկարը' Արման Ղուկասյանի ֆեյսբուքյան էջից