Գուշակեք՝ ում խոսքերն են ու երբ են հնչել:
Շատերը դժգոհությամբ խոսում են՝ «Արևելյան խնդիրն այս անգամ էլ չվերջացավ...», «Ա՛խ, ե՞րբ պետք է վերջանա այդ արևելյան խնդիրը...»: Խիստ միամիտ խոսքեր են դրանք: Արևելյան խնդիրը Եվրոպայի կենսական խնդիրն է: Կյանքի խնդիրները չեն վերջանում, այլ ժամանակավորապես պայմանավորվում են: Ամբողջ հայոց ազգի մտածողների մեջ ես միայն մի մարդ եմ ճանաչում, որ իսկապես հասկացել էր, թե ինչ է նշանակում արևելյան խնդիր, և հասկացել էր այն ժամանակ, երբ այդ դիպլոմատիական տերմինը դեռ մեզանից շատերին ծանոթ չէր: Մի՞թե արևելյան խնդիրը կարո՞ղ է վերջանալ։
Ո՛չ, նա կմնա անվախճան, որքան ինքը՝ արևելքը, հավիտենական է: Դա մի պատմական խնդիր է և պիտի ձգվի ազգերի պատմության հետ: Մի ժամանակ արևելքից ազգերը հեղեղի հոսանքով թափվում էին Եվրոպան կողոպտելու համար: Այժմ դերերը փոխվել են: Այսուհետև Եվրոպայից պիտի հոսեն դեպի արևելք՝ Ասիայի հարստություններից օգուտ քաղելու: Եվ ամեն մի հոսանք կհարուցանե մի նոր արևելյան խնդիր: Այսօր ռուսը և անգլիացին արևելքում շատ շահեր ունեն և մրցում են միմյանց հետ:
Հետո կսկսե գերմանացին, ֆրանսիացին և մյուսները: Ամեն մի եվրոպական պետություն, աճելով, սեղմվելով իր երկրի նեղ սահմանների մեջ և սպառելով նրա հարստությունները, պետք է դիմե դեպի արևելք՝ ապրուստ որոնելու: Եվ ամեն մի նոր արշավանք կամ գաղթականություն կհարուցանեն մի նոր արևելյան խնդիր: Եթե մինչև այսօր եվրոպական ազգերի հոսանքը դեպի արևելք թույլ էր գնում, այդ մասին պետք է շնորհակալ լինեն Ամերիկային, որի հայտնվելը մի քանի դար թուլացրուց եվրոպացիների հոսանքը դեպի Ասիա. իսկ այժմ Ամերիկան էլ լցվելու վրա է:
Գևորգ Դարբինյան