Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը մարտի 14-ին որոշում է կայացրել կոմունիկացնել Արտակ Նազարյանի մահվան գործը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա քույրը՝ Ծովինար Նազարյանը։

 

Այսինքն՝ ՄԻԵԴ-ը դիմել է ՀՀ կառավարությանը՝ պարզաբանումներ ակնկալելով տվյալ գործի մի շարք հանգամանքների վերաբերյալ։ Կառավարությունն ունի 16 շաբաթ ժամանակ, որից հետո բողոքատու կողմը կներկայացնի իր մոտեցումները։ Այս մասին ՄԻԵԴ-ը նամակ է հղել գործով փաստաբան եւ տուժող կողմի լիազոր ներկայացուցիչ Վահե Գրիգորյանին։

 

Հիշեցնենք, որ Արտակ Նազարյանը սպանվել է 2010թ․ հուլիսի վերջին՝ Տավուշի մարզի մարտական դիրքերում։ Պաշտոնական վարկածով նրա մահվան պատճառը ինքնասպանությունն է, սակայն ընտանիքը, մատնացույց անելով քրեական գործի մի շարք հանգամանքներ, պնդում է, որ կատարվածը եղել է սպանություն։ Տուժող կողմը, սպառելով ներպետական ատյաններում հանցանքը բացահայտելու հնարավորությունը, ՄԻԵԴ էր դիմել 2014թ․ մարտի 3-ին։

 

Եվրոպական դատարանը որոշում է կայացրել այս գործով երկու դիմումները քննել մեկ վարույթում։ Առաջին դիմումը ներկայացրել էր սպանվածի մայրը՝ այդ պահին տուժողի իրավահաջորդ Հասմիկ Հովհաննիսյանը, փաստաբան Մուշեղ Շուշանյանի հետ, երբ ներպետական ատյաններում սպառել էր նախաքննությանը լիարժեք մասնակցելու հնարավորությունը։ Բողոքը հղում է անում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ եւ 13-րդ հոդվածներին։

 

Երկրորդ դիմումը ՄԻԵԴ էր ներկայացրել Արտակ Նազարյանի քույրը՝ այդ պահին տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը՝ փաստաբան Մուշեղ Շուշանյանի եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանի հետ՝ ՀՀ ներպետական ատյաններում սպառելով մահվան իրական հանգամանքները բացահայտելու եւ արդար դատաքննության հասնելու հնարավորությունները։ Բողոքը հղում է անում Կոնվենցիայի 2-րդ հոդվածին։

 

Փաստական մասի նկարագրությունից հետո ՄԻԵԴ-ը հետեւյալ հարցադրումներն է արել ՀՀ կառավարությանը․
1․ Արդյո՞ք առկա գործում խախտվել է Արտակ Նազարյանի կյանքի իրավունքը, որը երաշխավորված է Կոնվենցիայի 2-րդ հոդվածով։

 

2․ Նկատի ունենալով կյանքի իրավունքի ընթացակարգային պաշտպանությունը՝ արդյո՞ք առկա գործով հայրենի իշխանությունների վարած հետաքննությունը ոտնահարել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը։

 

3․ Արդյո՞ք դիմողների տրամադրության ներքո եղել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածով ներպետական ատյաններում արդյունավետ լուծման հնարավորություն, ինչպես նախատեսված է Կոնվենցիայի 13-րդ հոդվածով։

 

ՄԻԵԴ-ը կառավարությունից խնդրել է տրամադրել նաեւ տվյալ գործով՝ քննչական մարմնի կայացրած բոլոր որոշումները՝ մեղադրանք ներկայացնելու մասին, ինչպես նաեւ Հակոբ Մանուկյանի եւ Հարութիկ Կիրակոսյանի մեղադրանքների փոփոխության մասին որոշումները։ Կառավարությունից ՄԻԵԴ-ը խնդրել է տրամադրել նաեւ թիվ 21127 զորամասի զինծառայողների՝ 2010թ․ հուլիս եւ օգոստոս ամսիներին կարգապահական մեկուսացման մասին փաստաթղթային ապացույցները՝ հրամանների պատճեններ, մեկուսացման գրություններ եւ այլն։

 

Արտակ Նազարյանի գործը ՄԻԵԴ պաշտոնական կայքում տեղադրված է հետեւյալ հղումով՝