Դեռևս 2016թ. հոկտեմբերի 16-ին մեկնարկած Իրաքի՝ նշանակությամբ երկրորդ` Մոսուլ քաղաքի՝ «Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական խմբավորումից ազատագրության գործողությունը բավական դանդաղ է ընթանում: 
Ավելի քան 5 ամիս շարունակվող ռազմագործողությունը, որի արդյունքում իսլամականներից հնարավոր է եղել ազատագրել միայն քաղաքի շուրջ 70%-ը, արդենիսկ հանգեցրել է հազարավոր մարդկային կորուստների(նաև խաղաղ բնակչության շրջանում), ահռելի նյութական վնասների, լրջագույն մարդասիրական աղետի:

Այս տևական ռազմագործողության ուշագրավ կողմերից մեկն էլ այն է, որ հարձակվող կողմը (ԻՊ-ի դեմ հանդես եկող իրաքյան ԶՈՒ-երը, նրանց հարող տարաբնույթ խմբավորումները և ԱՄՆ-ի գլխավորած միջազգային ռազմական կոալիցիան) պարբերաբար ներկայացնելով հակառակորդի՝ ԻՊ-ի ղեկավար շրջանակների և շարքային զինյալների կորուստների վերաբերյալ տարաբնույթ թվային տվյալներ, խուսափել է բարձրաձայնել սեփական կորուստների մասին:
Եվ ահա, իրաքյան բանակի մարդկային կորուստների մասին խոսել է ԱՄՆ-ի ԶՈՒ Կենտրոնական հրամանատարության ղեկավար Ջոզեֆ Ուոթելը՝ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում կազմակերպված լսումների ընթացքում: Ըստ այդմ՝ ամբողջությամբ ազատագրված Մոսուլի արևելյան հատվածի համար մղված մարտերում զոհվել է իրաքյան բանակի 490 զինծառայող, վիրավորվել ավելի քան 3000-ը: Ներկայում ընթացող քաղաքի արևմտյան հատվածի ազատագրության ռազմագործողության ընթացքում իրաքյան բանակն արդենիսկ տվել է 280 զոհ, շուրջ 1600 վիրավոր. ընդ որում, տարբեր տվյալներով, մինչ այժմ ազատագրվել արևմտյան հատվածի՝ միայն կեսից մի քիչ ավել հատվածը:

 

Արմեն Պետրոսյան