Դարձյալ կտրուկ սրվել է իրավիճակը Սիրիայի կենտրոնական Համա նահանգում
Սիրիայի կառավարական ուժերի կողմից վերահսկվող, ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Համա նահանգում անցյալ 2 շաբաթներին պարբերաբար թեժացող ռազմական դրության համատեքստում իրավիճակը կտրուկ սրվել է այսօրվա ընթացքում:
Բանն այն է, որ, օգտվելով արդեն շուրջ 3 ամիս Սիրիայում հաստատված հարաբերական հրադադարի ռեժիմից, վերազինվելուց և վերախմբավորվելուց հետո Համայից հյուսիս-արևմուտք՝ Իդլիբ նահանգից, կառավարական ուժերի դիրքերի դեմ կտրուկ հարձակման է անցել Սիրիայում «ալ-Կաիդայի» ճյուղավորումը համարվող «Ջաբհաթ ալ-Նուսրայի» գլխավորած «Հայաթ Թահրիր ալ-Շամ» անվանումը կրող, ծայրահեղական ուղղվածության մի քանի ուժերից կազմված կոալիցիան:
Հակակառավարական խմբավորումերի գրոհը բավական լավ է նախապատրաստված եղել, ինչի արդյունքում նրանք կարողացել են արձանագրել նշանակալից հաջողություններ: Ըստ որոշ աղբյուրների, գրավելով ռազմավարական նշանակության Թալ-Շիհա բարձունքը և ալ-Խատաբ բնակավայրից հարավ ընկած տարածքն, ընդդիմադիրները հայտնվել են Համա նահանգի համանուն կենտրոնից ընդամենը 3կմ հեռավորության վրա:
Շրջանը վերահսկող սիրիական կառավարական ուժերին հիմնականում չի հաջողվել դիմագրավել հարձակումը, քանի որ ընդդիմադիրները, նախապես մշակված գրագետ մարտավարության շնորհիվ, գրոհը կազմակերպել են հենց այն ուղղություններով, որտեղ կառավարական ուժերի դիրքերն ավելի խոցելի են: Ներկայում սիրիական բանակն արագ համալրումների միջոցով և ռուսական օդատիեզերական ուժերի աջակցությամբ փորձում է կանխել հակառակորդի առաջխաղացումը:
Կասկածից վեր է, որ ինչպես վերոնշյալ գրոհն, այնպես էլ առհասարակ անցյալ օրերին տարբեր ճակատներում ընդդիմադիր տարաբնույթ խմբավորումների ակտիվացումը պայմանավորված է նաև դրանց արտաքին հովանավորների՝ հատկապես Պարսից ծոցի արաբական միապետությունների հրահրմամբ և նպատակ է հետապնդում՝ նաև տապալելու ինչպես մարտի 23-ից Ժնևում ընթացող սիրիական հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը նվիրված քաղաքական գործընթացի հերթական փուլը, այնպես էլ՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջնորդությամբ Սիրիայում գործող հարաբերական հրադադարի ռեժիմն ընդհանրապես: