«Արարատ» հեռուստաընկերության «Հետհաշվարկ» հաղորդաշարում Մարգարիտ Եսայանը (հետայսու՝ Մարգարիտ Բոզիկյան, որը Մարգարիտի աղջկական ազգանունն է) որոշել էր ռեվանշ կազմակերպել, պատասխանելով այն գործիչներին, որոնցից նախընտրական քարոզարշավի ժամանակ բավական նեղվել էր Մարգարիտ Բոզիկյանը:

 


Իհարկե նախընտրական քարոզարշավը իր կանոններն ունի, և նեղվելն էլ քաղաքական կատեգորիա չէ, հատկապես երբ Մարգոյի կուսակցությունը քաղում է իր իսկ ցանածի պտուղները: Սակայն խնդիրը այն էր, որ ՀՀԿ-ական տնօրենների հայտնի սկանդալից հետո, որը ՀՀԿ-ի ամենամեծ կիքսերից էր ընտրարշավի ժամանակ, ՀՀԿ-ն տվեց հերթական կիքսը՝ արդարանալու ու ռեվանշ կազմակերպելու համար եթեր ուղարկելով Մարգարիտ Բոզիկյանին:
Մարգարիտ Բոզիկյանը ՀՀԿ այն կին գործիչներից է, որի ցանկացած բեմել հետագայում դառնում է մամուլում երկարատև հրապարակումների առարկա: Մարգարիտ Բոզիկյանը այն կին գործիչներից է, որն այդպես էլ որևէ կերպ չի կարողացել արդարացնել իր գոյությունը Ազգային Ժողովում և այնտեղ ներկայացված է պարզապես ՀՀԿ-ի՝ գենդերային պահանջներին տուրք տալու մղումով:

 


Մարգարիտ Բոզիկյանը, փոխանակ հրապարակավ ներողություն խնդրելու տնօրենների խայտառակ գործենեության համար, որոնք, կրթական հիմնարկի ղեկավար լինելով, իրենց կարգավիճակը ստորադասում են կուսակցության համար ձայներ բերելու անշնորհակալ գործին, դեռ մի բան էլ արդարացնում է նրանց, հընթացս հասկացնելով, որ եթե պատգամավոր չդառնա, ապա կարող է հրաշալի դպրոցի տնօրեն լինել՝ նույն կերպ հարազատ կուսակցության համար դպրոցի սաների հաշվին ձայներ ապահովելով և դեռ մի բան էլ գերազանցելով տխրահռչակ տնօրեններին:

 


Ի դեպ, Մարգարիտ Բոզիկյանը, որն այսօր անձնուրացաբար աշխատում է ՀՀԿ-ի համար, նույն անձուրացությամբ վաղը կարող է մեկ այլ կուսակցության համար աշխատել: Լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ Մարգարիտ Եսայանը հայտնի քծնող է, ով հավասարը չունի այդ հարցում: Պատմում են, որ նա ժամանակին ինքնամոռաց կերպով հիացած էր նախկին նախագահով, իսկ այժմ նույնպիսի ինքնամոռացությամբ հիացած է գործող նախագահով և պատրաստ է նույնպիսի ինքնամոռացությամբ հիանալ ապագա նախագահով: Մարգարիտ Բոզիկյանի հիացմունքի ու պաշտամունքի առարկաները հեշտությամբ փոխվում են՝ կապված նրանց քաղաքական կշռից, ինչը նշանակում, է, որ այսօր ՀՀԿ-ի ղեկավար կազմին քծնող Բոզիկյանը վաղը պատրաստ է նույնպիսի փութաջանությամբ քծնել մեկ այլ կուսակցության ղեկավար կազմի, եթե քաղաքական վերադասավորումների արդյունքում դրա կարիքը առաջանա:

 


Ի դեպ, Մարգարիտ Եսայանի թե խոսելաոճը, թե քծնանքի վարպետությունը փաստում են, որ դպրոցի տնօրենի պաշտոնը իսկը նրա հագով կարված պաշտոն է:

 

Դավիթ Բերբերյան