ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց, որ ահաբեկչությունն այն հանցագործություններից է, որի իրականացումն անհնար է կանխագուշակել: Բացի դա, ԻՊ-ի կազմում կռվում են ԱՊՀ-ի բազմաթիվ քաղաքացիներ, որոնք, ռազմական փորձ ձեռք բերած, վաղ թե ուշ լքելու են Մերձավոր Արևելքը, հայտնվելու են մեր տարածաշրջանում ու լրացուցիչ լարվածություն առաջացնեն:
Համաձայնվելով նշեմ, որ իսլամական ծայրահեղ արմատական դրսևորումները ահաբեկչության տեսքով, իրոք, չափազանց դժվար է կանխատեսել, որովհետև ահաբեկչության են գնում հիմնականում երիտասարդ, լավ կրթությամբ ու աշխատանքով մուսուլմաններ, ում մոտ շատ արագ է տեղի ունենում բարեկեցիկ եվրոպական կյանքից դեպի Ալլահի ճանապարհին ինքնազոհության («ջիհադ») անցումը:
Այն որ Սիրիայում և Իրաքում կռվում են ԱՊՀ երկրների բազմաթիվ քաղաքացիներ, դա նույնպես փաստ է, որն, անշուշտ, իր բացասական ազդեցությունն է ունենալու հատկապես Կովկասյան տարածաշրջանում: Գաղտնիք չէ, որ հատկապես կովկասցի իսլամականներն են կռվում ծայրահեղ արմատական կառույցների շարքերում: Ավելին, այստեղ շատ են ադրբեջանցիները, որոնք Սիրիայի ու Իրաքի պատերազմների թոհուբոհով անցած վտանգ են ներկայացնելու ոչ միայն Ադրբեջանի ու Կովկասի, այլ նաև այլ տարածաշրջանների համար:
Սարգիս Գրիգորյան