Պատերազմը չի ավարտվել: Այն ամեն պահի կարող է ակտիվ փուլ թևակոխել: Նախընտրական գործընթացներում գտնվող մեր երկրում, ուր հազար ու մի խնդիր կա, տրամաբանական է, որ առանցքային պետք է լինեն պետության անվտանգային քաղաքականության, ԼՂ խնդրի կարգավորման, հայ-ադրբեջանական հարաբերությունների հեռանկարի վերաբերյալ դիսկուրսը: Պատերազմող երկրի քաղաքացու համար նշյալ հարցերի վերաբերյալ առկա մոտեցումները պետք է առանցքային ու ուղղորդող լինեն քաղաքական ընտրության մեջ, ինչպես ինչ-որ մեկին «կողմ», այնպես էլ «դեմ» քվեարկելու տեսանկյունից:

Երեկ «Ազատություն» ռ/կ-ով դիտում եմ ՀՀ պաշտպանության նախարար Վ.Սարգսյանի հետ հարցազրույցը: Կարծում եմ գործող ու ապագա քաղաքականությանը ծանոթանալու, այն ըմբռնելու, գնահատելու կամ քննադատելու տեսանկյունից այն հաղորդումը արժեր դիտել:Հարցազրույցում ինձ համար առանցքային էին երկրում անվտանգության, ԼՂ խնդիրի լուծման ներկա փուլի ու ՀՀ-ի ռազմական քաղաքականության վերաբերյալ ՊՆ Նախարարի մոտեցումները հասկանալու համար, թե կարևորագույն հարցերում առանցքային դերակատարները ինչ գիծ են որդեգրել:

Օրինակ՝ բավական կարևոր էին Ադրբեջանի հետ ԼՂ հարցով բանակցությունների ներկա իրավիճակի ու հեռանկարի վերաբերյալ ՊՆ նախարարի դիտարկումները, որոնք հանգում էին հետևյալին. «...մեր(յուրաքանչյուր) պետության ամենաբարդ խնդիրը դեմոկրատական ու բռնատիրական անհամատեղելի համակարգերի միջև փոխզիջում որոնելն է: Մենք պայքարում ենք «ժողովուրդների ինքնորոշման» իրավունքի համար… մենք պայքարում ենք մարդու անբաժանելի(գոյության, ապրելու) իրավունքի համար: Մեր դեմ պայքարում են «հողի» համար: Երկու մոտեցումների միջև փոխզիջում գտնելը բարդ է: Խնդիրն ամենևին այն չէ, որ մի տեքստ գտնես, որի տակ բոլոր կողմերը՝ այդ թվում՝ Արցախը, ստորագրեն: Խնդիրն առավել լայն է. կարո՞ղ ես դու ապահովել մի մեխանիզմ, որը ստորագրելուց հետո էլ ցանկացած փոխզիջում լիարժեք իրականանալի լինի: Բռնապետությունն անկանխատեսելի է անգամ սեփական ժողովրդի համար: Ինչպե՞ս կարող ես դու հակառակորդ ունենալ բռնապետական ռեժիմ ու պատկերացնես փողզիջումային այնպիսի տարբերակ, որը լիարժեք ապահովագրի քո անվտանգությունն առանց մեծ սպառազինությունների ու բանակ ունենալու»:

Հարցազրույցի մեկ այլ հատվածում կարևոր էր նաև նախարարի այն դիտարկումը, թե մենք դիվանագիտական հանգրվանում այսօր ու՞ր ենք հասել. «...Մենք այսօր հասել ենք այնպիսի հաջողությունների, որ մեր դիրքերը ԼՂ հարցի կարգավորման մեջ մեծապես համընկնում են միջնորդ երկրների ու միջազգային հանրության դիրքորոշմանը: Մենք կարողացել են հասնել նրան, որ մեր պահանջը հասկանալի ու ըմբռնելի է մեր գործընկերներին: Եթե այսօր Ադրբեջանը պատրաստ չէ նման լուծումների, դա մեր մեղքը չէ»:

Կարծում եմ հարցազրույցի կարևոր բաղադրիչ էր նաև հնչեցված մոտեցումները հատկապես ՀՀ-ի ռազմական քաղաքականության ու որդեգրած կուրսի վերաբերյալ. «Մենք պարտավոր են ամեն օր մեր գործողությունները կառուցել այն ելակետից, որ մեր հակառակորդը անկանխատեսելի է ոչ թե իր հնարավորությունների, այլ իր որոշումների կայացման տեսակետից, քաղաքացիական/ժողովրդավարական վերահսկողության տեսակետից: Մենք չենք կարող վախի զգացումից փոխզիջման գնալ, բայց մենք անընդհատ պետք է պատրաստ լինենք նման (ռազմական) գործողություններին»:

Վերոնշյալ շեշտադրումները կարևոր են ոչ միայն պատկերացում կազմելու համար այսօր ԼՂ շուրջ ձևավորված իրավիճակի մասին, այլ առաջին հերթին հասկանալու, թե ներկա որդեգրած քաղաքականությունը ռազմական ու անվտանգային ոլորտում որքանո՞վ է իրատեսական ու ո՞ր չափով է արտացոլում ՀՀ ազգային շահերը մեր պետության համար ռազմավարական նշանակության ոլորտներում:

 

Ալեն Ղևոնդյան