Մի ժամանակ մաչոնկա հագնել էր մոդայիկ: Հետո՝ «գողական» դառնալը: Զուգահեռաբար՝ բենզակալոնկա ունենալը: Հետո մոդայիկ դարձան ասֆալտի ֆիդայինները:
Եկավ ժամանակ, երբ մոդայիկ էր ինտերնետ կլուբն ու վարսավիանոցը: Մի երկար «պահ» սպիտակ նիվա ունենալն էր անչափ մոդայիկ:
Հետո եկան «օբեկտ» ու «ախռաննիկ» ունենալու, ավելի ուշ՝ «ախռաննիկ» դառնալու ժամանակները:
Մի պահ մոդայիկ դարձավ կուսակցական դառնալը, ապա բաժնի պետ - վարչության պետ նշանակվելը, ավագանի ընտրվելը:
Հետո մոդա էր գիտությունների թեկնածու լինելը՝ դրանով ինքնահաստատվելը
Հետո՝ ռոք լսելը: Մի պահ գիրք կարդալն էր ուզում մոդայիկ դառնալ: Մոդան հասավ ընդդիմադիր լինելուն ու ըմբոստ դառնալուն:
Եկավ մի պահ մոդան մտավ բուհեր: Մոդայիկ էր դասախոսելը: Երբեմն անգլերենախառն ռուսերենով տեսքտեր ասելը:
Միշտ մոդայիկ մնաց քաղաքագետ լինելն ու անկախ ոլորտից փորձագետ դառնալը:
Մոդայիկ դարձավ ամեն հարցի վերաբերյալ սեփական առանձնահատուկ ու շատ «հիմնավոր» կարծիք ունենալը, դա հրապարակելը, դատարկ քննարկումների մեջ մտնելը:
Հետո մոդան հասավ «ինծելեկտուալ» լինելուն, «ճիշտ» բառերով պարապած տեքստեր ասելուն:
Ապա հասավ պաթոսին, հայրենասիրությանը, երկրին, հող տալ- չտալուն, երկրի ու բանակի համար «...արած ունենալուն», լիբերալ խաղալուն, տոլերանտ ու ազգայնական դառնալուն:
Մոդան չշրջանցեց ցինիկներին: Մոդան չշրջանցեց անգետներին:
Ու արդեն վաղուց մոդան մեր ամենազոր այս ամենով, տիպ-տեսակով, վարք ու բարքով, «հիմնավոր» ու անհիմն այցելել է նա մեր ինքնասիրահարված նարցիսներին ու կարծես միտում է թելադրում կյանքում ու աշխատանքում....
Ալեն Ղևոնդյան