Կարծես հատուկ հրահանգով Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի գրեթե ողջ ադրբեջանալեզու հատվածը լծվել է ադրբեջանցի ակադեմիկոս Չինգիզ Ղաջարին պախարակելու գործին:
Բան այն է, որ Իրանում ժամանակին գահակալած Ղաջարների արքայատոհմի շահական ճյուղի շառավիղ և հռչակավոր Աբբաս Միրզայի ծոռ ակադեմիկոսը «հանդգնել» է հարցազրույցներից մեկում հայտարարել, որ Ադրբեջանի ամենամեծ թշնամիները եղել են թուրքերը, որոնք Օսմանյան Կայսրության օրոք ավերածություններ են գործել մասնավորապես Թավրիզում և Գանձակում, ինչն էլ հարուցել է թուրքերի և Թուրքիայի հետ իբր «մեկ ազգ, երկու պետություն» կեղծ կարգախոսով տարիներ ի վեր ապրած ադրբեջանական հասարակության վերնախավի զայրույթը:
Սակայն, ըստ էության, ակադեմիկոսը որևէ նորություն չի հայտնել, դեռ ավելին՝ չի ասել նույնիսկ ողջ ճշմարտությունն առ այն, որ օսմանցիները բացի ավերածություններից, իրականացրել են նաև թյուրքալեզու շիաների (որոնց մի հատվածը մաս է կազմում ներկայիս էթնիկ ադրբեջանցիների, իսկ մյուսը՝ ատրպատականցիների) համատարած կոտորածներ, իսկ ներկայիս «եղբայրական» թուրքական պետությունը իր կողմից վերահսկվող տարածքում ճանաչում է նույնիսկ հայերի կամ քրդերի գոյությունը, մինչդեռ պաշտոնապես հրաժարվում է լսել, օրինակ, Կարսի կամ Իգդիրի տարածաշրջաններում Թուրքիայի քաղաքացի էթնիկ ադրբեջանցիների գոյության մասին անգամ՝ նրանց հռչակելով սովորական թուրքեր:
#բիզիմդիր
Վարդան Ոսկանյան