Ինչպես հայտնի է՝ Սիրիայի Հալեպ նահանգի հյուսիս-արևելքում գտնվող Մանբիջ քաղաքը վերահսկող, հիմնականում քրդական ինքնապաշտպանական ջոկատներից կազմված «Սիրիական դեմոկրատական ուժերը» թուրքական զինուժի և նրանց կողմից հովանավորվող ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակ» կառույցի հարձակումներից խուսափելու համար ՌԴ ՊՆ-ի հատուկ ստորբաժանման միջնորդությամբ քաղաքի արևմտյան 5 շրջաններ հանձնել էին կառավարական ուժերին: Նման կերպ, համաձայն նախապես կայացած պայմանավորվածությունների, ստեղծվում էր որոշակի անվտանգության գոտի թուրքամետ ուժերի և քրդական միավորումների միջև, որը կանխարգելելու էր հակամարտ կողմերի միջև ուղղակի ռազմական առճակատման հնարավորությունը:
Հայտնի է նաև, որ վերոնշյալ պայմանավորվածությունները հավանության էին արժանացել օրերս Անկարայում կայացած Թուրքիայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի ԶՈՒ ԳՇ պետերի հանդիպման ընթացքում:
Մինչդեռ Մանբիջի հարակից շրջաններից ռուս զինվորականների հեռանալուց հետո թուրքական հրետանին հուժկու հարված է հասցրել ինչպես սիրիական բանակի վերահսկողությանը հանձնված, այնպես էլ՝ քրդերի ազդեցության տակ գտնվող բնակավայրերի ուղղությամբ, ինչի հետևանքով տարբեր տվյալներով զոհվել է 8 և վիրավորվել շուրջ 2 տասնյակ սիրիական բանակի զինծառայող. qրդական կողմի կորուստներն ավելի մեծ են:
Այսպիսով, փաստորեն, կարելի է նշել, որ Թուրքիան խախտել է նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները:
Արմեն Պետրոսյան