Իրականում, ես բացարձակ գաղափար չունեմ, թե որքանով էր Օլեգ Եսայանի պաշտոնանկությունը պայմանավորված Սոլովյովի հայտնի հայտարարության հետ։ Զուտ տեսականորեն եթե խոսենք, ապա այո՛, Եսայանին դեսպանությունից հանելը կարող էր հենց դրանով էլ պայմանավորված լինել։ Միևնույն ժամանակ, սա միակ հավանականությունը չէ։ Սոլովյովի հայտարարությունը կարող էր լինել պատրվակ, կամ էլ ընդհանրապես ոչ մի դերակատարություն չունենալ։ Էականը դա չէ իրականում։

 

Էականը դեսպանի գործառույթներն են և որքանով են դրանք իրացվում։ Այս պարագայում Սոլովյովը դեռ մի բան էլ մեղմ գնահատակն է տվել Օլեգ Եսայանի գործունեությանը՝ ՀՀ դեսպանի կարգավիճակում։ Եթե կարդաք ռուսաստանաբնակ հայերի մեկնաբանությունները այս թեմայով հրապարակումների ներքո, ապա կտեսնեք, որ Եսայանին, մեղմ ասած, հեչ լավով չեն ճանաչում ու ընդունում։

 

Իմ անձնական փորձով էլ կարող եմ կիսվել, իսկ փորձս կայանում է նրանում, որ ես Եսայանին ոչ տեսել եմ, ոչ լսել եմ Ռուսաստանում։ Ասեմ, որ վերջին մի քանի տարում երևի մի 6-7 անգամ գնացել եմ Ռուսաստան, որտեղ տարբեր երիտասարդական ծրագրերի շրջանակներում ընդգրկված եմ եղել Հայաստանի պատվիրակության կազմում։ Եսայանից առաջ ՀՀ դեսպանը ՌԴ-ում Արմեն Սմբատյանն էր ու կարող եմ փաստել, որ մի քանի անգամ ԱՊՀ-ի երկրների հետ միջազգային ծրագրերի ներկա լինելով՝ ամեն անգամ Սմբատյանը անպայմանորեն ներկա էր գտնվում գոնե ծրագրի բացման արարողությանը։ Մանրունք է դեսպանի գործառույթների տեսանկյունից, բայց հաճելի է դրսում զգալ, որ անտերության մեջ չես ու քո երկիրը ներկյացնող ինստիտուտը ուզում է, որ դու զգաս, որ ինքը կա ու քո կողքին է։ Եսայանի պարագայում երբեք նման բան չեմ տեսել, չեմ էլ լսել, որ որևէ այլ նման ֆորմատի միջոցառումներին լինի։

 

Եթե շարունակենք համեմատականը, ապա Սմբատյանին «տեղը բերում էին» ոչ միայն հայ համայնքում։ Նույն Պոլլադ Բյուլբյուլօղլին, ով անկախ մեր վերաբերմունքից՝ իրոք լուրջ միավոր է Մոսկվայում, Սմբատյանի նկատամամբ միշտ հարգալից ու ընդգծված կոռռեկտ վարք էր կիրառում։ Նույնն էլ ռուսաստանյան ու ԱՊ այլ երկրների չինովնիկները և լրատվամիջոցների ներկայացուցիչները։ Եսայանի մասին ոչ մեկից ոչինչ չեմ լսել այս ընթացքում՝ ո՛չ լավ, ո՛չ վատ։ Իրոք տպավորություն էր, որ մենք դիվանագիտական հարաբերություններ էլ չունենք։

 

Ու հարցը այն չէ, որ դեսպանը չէր կարող ինչ-որ բեկումնային դերակատարություն ունենալ զենքի գործարքում, կամ ապրիլյան իրադարձությունների ժամանակ, չէր կարող անկարգություններ հրահրել և ինքնուրույն քաղաքական որոշումներ կայացնել։ Հարցը նրանում է, որ դեսպանը տվյալ երկրում մարմնավորում է այն պետությունը, որտեղից գործուղվել է։ Դեսպանը էտալոն է, որով քո երկրի մասին պատկերացում են կազմում այդ երկրի քաղաքական ու տնտեսական վերնախավի ներկայացուցիչները։ Դեսպանը, եթե կուզեք, երկրի այցեքարտն է։ Ու հիմա, անկախ նրանից, թե ինչ է ասել Սոլովյովն ու ինչու, ես կարող եմ ասել, որ ի դեմս Օլեգ Եսայանի, մենք շատ անհրապույր այցեքարտ ունեինք Ռուսաստանում, եթե ունեինք՝ առհասարակ։ Այնպես որ, էական էլ չէ իրականում, թե ինչու են Եսայանին հանել։ Կարևորը, որ հանել են։

 

Հուսով եմ, որ նորանշանակ դեսպանը չի կրկնի նախորդի ու նախորդողների սխալները, այլ միայն կօգտվի դրական փորձից, որպեսզի վաղը կրկին չստեղծվի հանրային ընկալման այնպիսի մթնոլորտ, երբ մարդիկ երկմտանքի մեջ լինեն (եթե չասեմ՝ համոզված), թե արդյո՞ք մեր դեսպանը Ռուսաստանում այնքան վատն է, որ անգամ ռուսական մեդիայի առաջամարտիկներն են նրա անգործությունից բողոքում ու գործից հանել տալիս։

 

Կոնստանտին Տեր-Նակալյան