ԱՀ նախագահ Իլհամ Ալիևն Իրան կատարած իր այցի ընթացքում հանդիպեց ոչ միայն ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանիի, այլ նաև ԻԻՀ հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հետ:

 

Հատկապես վերջին հանդիպումը ԱՀ հասարակական-քաղաքական դիսկուրսում ընթացիկ օրերի ամենաքննարկվող թեմաներից է, քանի որ այաթոլլահ Ալի Խամենեին, ըստ էության, հստակ ընդգծել է, որ Իլհամ Ալիևը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու սեփական հասարակության կողմից սիրված և ընդունված լինելու համար:

 

Բացի խոսքային մակարդակից, նշված հանդիպման ժամանակ նշանային առումով ևս, ըստ ադրբեջանական տեսակետի, տեղի է ունեցել ԱՀ նախագահի' այսպես ասած «անարգում»: Մասնավորապես, հանդիպման ժամանակ եղել է միայն Իրանի դրոշը, և նկարներում էլ երևում է, որ Ադրբեջանի դրոշը բացակայում է: Սա չի վրիպել նաև ԱՀ քաղաքական գործիչների և առհասարակ հանրային դեմքերի ուշադրությունից: Վերջիններս տարբեր հայտարարություններում և հարցազրույցներում նշել են, որ ԻԻՀ-ն հերթական անգամ, այն էլ ամենաբարձր մակարդակով հանդիպման շրջանակներում չհարգեց ԱՀ պետական խորհրդանիշը:

ԱՀ-ում խոսվում է այն մասին, որ Իրանում տարբեր մարզական, մշակութային միջոցառումների, պաշտոնական հանդիպումների ժամանակ ԱՀ պետական դրոշը կամ բացակայում է, կամ լինում է գույների ու նշանների ակնհայտ սխալներով: Ադրբեջանում գտնում են, որ այդ ամենի մեջ կա միտումնավորություն:

 

Արտյոմ Տոնոյան