Նախեւառաջ հնարավորինս կառավարեք հուզմունքը, որպեսզի ստացվի հանգամանալից պատրաստվել: Այլապես կմոռանաք շատ մանրուքներ, որոնցից կախված է ժամադրության հաջողությունը: Դանդաղ մտածեք բոլոր դետալների մասին' սկսած սանրվածքից մինչև բնական կարիքները նախապես հոգալը:

 

Լարվածությունը մի փոքր մեղմացնել կօգնի այն, որ հիշեք' նա նույնպես շատ հուզված է: Ինչ հագնել առաջին ժամադրությանը: Սա երևի այն հարցն է, որի մասին մենք մտածում ենք ժամերով և հաճախ նույնիսկ օրերով: Չարժի փորձարկումներ անել առաջին հանդիպման գնալիս: Յուրաքանչյուր լեդի իր պահարանում ունի այնպիսի հագուստ, որը մոդայիկ է, սազում է իրեն և նաև շատ կարևոր մի հանգամանք' հարմարավետ է: Եթե հագնեք այնպիսի մի բան, որի մեջ Ձեզ անհարմար եք զգալու, ապա հաստատ դա կնկատի Ձեր զուգընկերը: Հիշեք, որ գնում եք ոչ թե համերգ կամ դիմակահանդես, այլ ուղղակի առաջին հանդիպման: Հագնվեք հմայիչ, բայց միեւնույն ժամանակ, համեստ. շատ կարճ կիսաշրջազգեստով, մեծ դեկոլտեով Դուք կարող եք թեթևամիտ աղջկա տպավորություն թողնել: Սրա մասին մի մոռացեք, հատկապես եթե հանդիպման եք գնում հայ տղայի հետ: ) Խուսափեք շատ շպարից: Առաջին հանդիպման ժամանակ տղամարդիկ ուշադրություն են դարձնում անգամ ամենաչնչին մանրուքներին: Աչքերը հարդարեք ավելի նուրբ, իսկ այ շուրթերը ընդգծեք ավելի վառ գույնով: Բացի շրթներկից անպայման քսեք նաև մի փոքր փայլ: Ձեր գեղեցիկ հարդարված շուրթերը հաստատ անտարբեր չեն թողնի նրան... Հագեք բարձրակրունկ կոշիկներ, որոնք ընդգծում են Ձեր կանացիությունն ու Ձեզ դարձնում ավելի սլացիկ:

 

Դրանք նույնպես պետք է հարմարավետ լինեն, հակառակ դեպքում ծիծաղելի իրավիճակում կհայտնվեք: Մազերը հարդարեք ամենօրյա ոճով: Մի փորձեք նոր կտրվածքներ կամ սանրվածքներ հենց առաջին ժամադրության ժամանակ: Ձեր մազերը պետք է խնամված տեսք ունենան, բայց ոչ այնպես, ինչպես անում եք, ասենք, հարսանիքից առաջ: Չմոռանաք հարդարել մատներն ու գեղեցիկ աքսեսուարներ ավելացնել Ձեր կերպարին: Պետք չէ դրանք չարաշահել: Բայց Դուք պետք է երևաք խնամված, կոկիկ, և Ձեզնից ուղղակի անպակաս պետք է լինի կանացի հմայքը:

 

Ընտրեք փոքրիկ պայուսակ կամ կլատչ, որոնք ծանրություն չեն լինի ոչ Ձեզ համար և ավելորդ չեն հիշեցնի իրենց մասին: Պայուսակի մեջ անպայման պահեք չոր և թաց անձեռոցիկներ, շպարվելու համար ամենաանհրաժեշտ պարագաները և օծանելիք: Անմիջապես տնից դուրս գալուց առաջ ցանեք Ձեր սիրելի օծանելիքը , ստուգեք, թե արդյոք ամեն ինչ կարգին է հագուստի հետ: Չմոռանաք նաև հոգալ բնական կարիքները մինչև տնից դուրս գալը, քանի որ առաջին հանդիպման ժամանակ Դուք ամենայն հավանականությամբ կամաչեք բարձրաձայնել, որ բնական կարիքները հոգալու պահանջ ունեք: Մինչև դուրս գալը ևս մեկ անգամ հիշեք, թե արդյոք ոչինչ չեք մոռացել: Եթե նրա հետ պայմանավորված եք որևէ վայրում, ապա ցանկալի կլինի, որ նա Ձեզ դիմավորի ոչ թե երթուղայինից իջնելիս, այլ տաքսուց: Իսկ թե ինչպես պահեք Ձեզ առաջին ժամադրության ժամանակ, կկարդաք հաջորդիվ...