Անկախ նրանից' ձեռնարկը օգտակար է թե ոչ, անհրաժեշտ է դրա կիրառությունը թե ոչ, համացանցում ձեռնարկի շուրջ ծավալված գրառումներում ու մեկնաբանություններում տեղ գտած զավեշտը, ծաղրը իսկապես անթույլատրելի են ցեղասպանություն վերապրած ժողովրդի սերունդների համար. Զարմանալիորեն այդ մեկնաբանություններում ''ցեղասպանություն'' բառը այնքան հոլովվեց ու արժեզրկվեց, որ չես հասկանում' ինչպես և ինչու կարող են ցեղասպանություն վերապրած ժողովրդի սերունդներում առհասարակ նման մոտեցումներ կամ արժեքային ընկալումներ լինել խնդրի հետ կապված. Տպավորություն է ստեղծվում, որ կամ մենք այնքան էլ լավ չենք պատկերացնում ինչ ասել է' ցեղասպանության ենթարկել ամբողջ մի ազգի, կամ էլ պարզապես միգուցե խնդիրներ ունենք հավաքական հիշողության շարունակականության առնչությամբ. Երկու դեպքում էլ իրավիճակը ցավալի է, քանի որ նույն ցեղասպանության դրսևորումներին ականատես եղանք ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում.


Ինչ վերաբերում է բուն ձեռնարկի կիրառության օգտակարության հարցին, ապա այստեղ անհրաժեշտ է հստակեցնել, որ Հայաստանը և հայությունը պետք է իրենց մարդկային ու մտավոր ռեսուրսները կենտրոնացնեն Հայաստանի (ԱՀ) և հայության պաշտպանական անվտանգության արդյունավետության բարձրացման, Հայաստանի տնտեսության զարգացման ուղղությամբ. Իհարկե, մեզ անհրաժեշտ է հետևողական լինել հայերի դեմ իրագործված ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի նկատմամբ, սակայն կարիք ունենք Հայաստանի ու հայության առաջնահերթությունների վերանայման. Այս տեսանկյունից, ցեղասպանության ձեռնարկի փոխարեն կարելի էր ֆինանսական միջոցներ հատկացնել նույն ուսուցիչների համար քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ ձեռնարկի պատրաստմանը և տարածմանը, քանի որ երկիրը գտնվում է փաստացի պատերազմական վիճակում, և հասարակության քաղաքացիական պաշտպանության արդյունավետության բարձրացման հարցն առավել քան ակտուալ է.
Մյուս կողմից, մեզ հարկավոր է ձերբազատվել ''զոհի'' կերպարից, ինչը բավական արմատացած է մեր ժողովրդի շրջանում. Վերապրելով ցեղասպանությունը' հայ ժողովուրդը շարունակում է գոյատևել, պահպանում է իր պետականությունը, ուստի ցեղասպանությունը մեր հավաքական հիշողությունում ողբերգությունից պետք է դառնա հաղթանակ' սերունդների շարունակականության առումով.

 

Կարեն Վերանյան