Թուրքիայի զինված ուժերում կրոնական գլխաշորի արգելանքի վերացումից հետո թուրքական մամուլում ուշագրավ պնդումներ ի հայտ եկան՝ բանակի որոշ հատվածներում այդ որոշումից անհանգստացած և ոտքի կանգնած զինվորականների նախաձեռնությունների մասին: Մասնավորապես՝ ԱԶԿ-ամետ պարբերականի սյունակագիր Ջ. Քյուչյուքը հեռուստահաղորդումներից մեկում հայտարարեց, որ արգելանքի վերացումից անմիջապես հետո երկրի արևմտյան մասում գտնվող որոշ զորամասերում ռազմական հեղաշրջման նպատակով պատրաստություններ են իրականացվել, որոնք բացահայտվել և ճնշվել են:

 

Ավելի վաղ նմանատիպ պնդմամբ էր հանդես եկել նաև լրագրող Ն. Ալչըն, ըստ որի՝ բանակի ձախ քեմալիստական շրջանակներն ինչ-ինչ պատրաստությունների մեջ են եղել: Փետրվարի 25-ին «Hürriyet» պարբերականում հրապարակված «Գլխավոր շտաբն անհանգստացած է» գլխագրով հոդվածի առնչությամբ հասարակական-քաղաքական քննարկումներում սկսեց շրջանառվել բանակում քեմալիստական հատվածների առկայության և հնարավոր վտանգների մասին: Մասնավորապես' իշխանական մամուլը սկսեց թիրախավորել և օրակարգ բերել այդ վտանգի մասին պատկերացումները:

 

Իսլամամետ պարբերականի հոդվածագիր Ք. Ալփայը գրեց «դրոշ բարձրացնող քեմալական խունտայի» մասին, իսկ ԱԶԿ-ական թերթի սյունակագիրներից մեկն էլ իր հոդվածում գրեց հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո բանակում իրականացված գյուլենականների մաքրազատումից հետո «քեմալիստական շրջանակների գլուխ բարձրացնելու մասին»: Նման հրապարակումների ու թիրախավորումների պատճառները մի քանիսը կարող են լինել, սակայն փաստ է, որ իշխանամերձ մամուլին, և ոչ միայն, այսպես ասած «քեմալիզմի ուրվականը» հանգիստ չի տալիս:

 

Լևոն Հովսեփյան