Ադրբեջանի ՊՆ- ն, կարծես թե, կրկին հայտնվել է դժվար կացության մեջ, իսկ պատճառն էլ, թերևս, վերջին օրերին առաջնագծում տեղ գտած զարգացումներն են և դրանց արդյունքում կրած կորուստները: Արդեն քանի օր է, պաշտոնական Բաքվի քարոզիչները ջանքեր են գործադրում տարբեր հնարքներով մեղմել Մարտունու և Ակնայի ուղղություններով կրած ապտակի հետևանքները, իսկ ինչ-որ տեղ էլ փորձում կատարվածը ներկայացնել ոչ այլ կերպ, քան ,,հայերին հասցված հզոր հակահարված,,: Սակայն, այս փորձերի արդյունավետությունը փոշիանում է, երբ հարևան երկրի հանրությանը հայտնի է դառնում հերթական ,,շեհիդի,, անունը, ասենք այնպես, ինչպես եղավ այսօր...

 

Ադրբ. ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, թե իբր ,,շփման գծում թշնամու դեմ ծավալված ահեղ մարտերի ընթացքում հերոսաբար զոհվել է զինծառայող Էլվին Սուլեյման օղլու Ահմեդովը...,, Իսկ թե երբ, որ ժամին և որտեղ է զոհվել, այդ մասին ոչ մի խոսք: Այսքանից հետո մեզ մնում է սպասել նման բովանդակության այլ հաղորդագրությունների ևս, մանավանդ, որ առայսօր հակառակորդը բարձրաձայնել է միայն Մարտունու ուղղությամբ կրած կորուստների մասին... Իսկ թե այդ նույն օրը՝ փետրվարի 25-ին, ինչ է տեղի ունեցել Ակնայի ուղղությամբ և որքան կորուստ է կրել ադրբեջանական զինուժը, ցույց կտան հետագա հրապարակումները...

 

Սենոր Հասրաթյան