Ի թիվս այլ ցավոտ, բայց խիստ կարևոր դասերի, Ապրիլից հետո մենք պետք է սերտած լինեինք, որ ֆիդայականությունը անհրաժեշտ է թողնել 20-րդ դարում, իսկ 21-րդ դարի պատերազմներում կիրառել գրագետ ու լավ կազմակերպված մոբիլիզացիա։
Ամեն ինչ գնում է նրան, որ Արցախում էլի խոշոր բախում կարող է լինել ու դա կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին, եթե արդեն տեղի չի ունենում։ Համենայն դեպս, այս գիշեր տեղի է ունեցել ապրիլից հետո ամենախոշոր ռազմական ընդհարումը։ Ու եթե այնպես ստացվի, որ իրադարձությունները զարգանան ամենավատ սցենարով, կարծում եմ, որ ՊՆ-ն էլ չպետք է թույլ տա կամավորական ջոկատների ու վոլնիցաների կազմավորում։

 


Կամավորականությունը իրոք շատ գովելի ու պատկառելի բան է, բայց կրկնում եմ՝ 21-րդ դարում ենք ապրում։ Էլի թող կամավորների զինվորագրեն, բայց ոչ թե հայդուկական ջոկատներ կազմեն, այլ զինկոմիսարիատներով հավաքագրեն, թեկուզ սահմանափակ մոբիլիզացիա հայտարարեն, ու ըստ մոբիլիզացիոն պլանի բաշխում կատարեն։
Հարցը այստեղ կամավորական ջոկատներ երևույթի արխայիկ լինելը չէ՝ որպես էդպիսին։ Հարցը այն է, որ իրադարձությունները հստակ ցույց տվեցին, որ կիսառեգուլյար ստորաբաժանումները ունեն բավականին ցածր կարգապահություն, ինչը արդեն կարճ ժամանակ անց սկսում է ազդել թե՛ ռեգուլյար ստորաբաժանումների, թե՛ տեղի խաղաղ բնակչության վրա։ Բացի դրանից, այդ խողովակով մարտական զենքի հասանելիություն են ստանում բավականին կասկածելի տարրեր։ Օրինակ՝ Սասնա ծռերի կեսը կամավորական ջոկատների կազմում հայտնվել էր Արցախում ու զենք էր ստացել և դեռ հասկանալի չէ, թե արդյո՞ք հենց այդ ճանապարհով ձեռք գցած զենքով չէին իրականացրել ՊՊԾ գրավումը։

 


Այստեղից հետևություն՝ կամավորականությունը պետք է խրախուսվի, բայց զինվորագրման ու կամավորների բաշխման ողջ գործառույթը պետք է լինի ՊՆ-ինը ու զինկոմիսարիատներինը, որպեսզի էլի շիլափլավ ու բալագան չստանանք սահմանամերձում։

 

Կոնստանտին Տեր-Նակալյան