Երեկ ԱՀ թալիշաբնակ Մասալի քաղաքում ձերբակալվել է Ադրբեջանի հոգևորականների ժողովի (հապավ. ARM - Azərbaycan Ruhanilər Məclisi) անդամ, Maide.az կայքի գլխավոր խմբագիր Շեյխ Սարդար Հաջիհասանլին: Ըստ տարածված տեղեկատվության` ձերբակալությունը տեղի է ունեցել Մասալիի վարչական շրջանի ղեկավար Ռաֆիլ Հուսեյնովի բողոքի հիման վրա, որը մեղադրել է հոգևորականին հարյուրավոր քաղաքացիների ներկայությամբ ուրբաթօրյա աղոթք կարդալու մեջ:

 

Դատելով նշված տեղեկությունից` կարելի է եզրակացնել, որ այս պահի դրությամբ ԱՀ-ում փաստացիորեն արգելված է նաև ուրբաթօրյա աղոթքը:

 

Դեպքի առնչությամբ հայտարարություն է տարածել «Ադրբեջանի հոգևորականների ժողով» կազմակերպությունը: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Մեծ ցավի զգացումով պետք է նշենք, որ իրեն իսլամական աշխարհի ոչ միայն անբաժան մաս համարող, այլև բազմաթիվ իսլամական երկրների առաջ «մենք օրինակելի մուսուլմանական երկիր ենք» հայտարարող Ադրբեջանում իսլամի քարոզչությամբ զբաղվող մարդու դեմ իսլամ քարոզելու մեղադրանքով քրեական գործ հարուցելը և կալանքը որպես խափանման միջոց ընտրելը պարզապես ծիծաղելի է»:

 

Առհասարակ, կարելի է մի օր հավաքել ԱՀ-ում պետական մակարդակով իսլամի դեմ կատարված բոլոր ոտնձգությունները, որոնց մասին առկա է տեղեկատվություն թեկուզ հենց միայն բաց աղբյուրներում և ուղարկել ԻՀԿ, մի քանի օրինակ էլ Իրանի ատրպատականյան հոգևորականներին ու նաև Պաղեստին` կոչ անելով նախ զբաղվել ԱՀ-ում ապրող մուսուլմանների խնդիրներով, հետո նոր «քթերը մտցնել» արցախյան հիմնախնդրի մեջ:

 

Արտյոմ Տոնոյան