Հայաստանում Մեհրիբանի նշանակմանը արձագանքեցին առավելապես սարկազմով ու չարախնդությամբ, մինչդեռ իրադարձությունը շատ ավելի խորքային է ու լուրջ վերլուծության արժանի։
Ընդհանրապես, պետք է արձանագրել, որ, առհասարակ, ճիշտ ու կոռեկտ չէ գոտկատեղից ներքև հումորներ անել ուրիշի ընտանիքի հասցեին, անգամ, եթե այդ ուրիշը Ադրբեջանի նախագահն է։ Ինչ-որ առումով՝ դա նույնիսկ ավելի սխալ է, քան առհասարակ որևէ մեկի նկատմամբ նույնն անելը։ Սխալ է, որովհետև, բացի հարցի էթիկական կողմից, կրկին հագուրդ ենք տալիս արդեն ավանդական դարձող մեր լրջագույն սխալներից մեկին՝ թշնամուն թերագնահատելուն։
Մեհրիբան Ալիևայի՝ փոխնախագահի պաշտոնում նշանակվելը միանգամայն տրամաբանական ու ռացիոնալ քայլ էր, և մեծ սխալ է այն մեկնաբանել զուտ Ալիևների ընտանեկան զույգի քմահաճույքներով։ Պետք է հստակ հասկանալ, որ Մեհրիբանը, Ալիևի կինը լինելուց բացի, հանդիսանում է Ադրբեջանի ամենաազդեցիկ կլաններից մեկի ներկայացուցիչը, որը ազդեցիկ էր դեռ Հեյդարի օրոք ու հենց դրանով էլ պայմանավորված էր այս բարձրաշխարհիկ ամուսնությունը․ երկու հզոր կլաններ դաշինք են կնքում, ամրագրում են այն ամուսնական կապերով ու իրար մեջ կիսում են երկիրը։
Հիմա, երբ նավթադոլարների հոսքը էապես նվազել է, իսկ իշխանական բուրգի ավանդական կառուցվածքը իրեն սպառել է, Ալիևը պետք է մի կողմից ձերբազատվի բալաստ դարձած որոշ էլիտար խմբերից, իսկ մյուս կողմից՝ պետք է իրեն շրջապատի այնպիսի մարդկանցով, ում կարող է անվերապահորեն վստահել։ Սա արվում է, որպեսզի պահպանվի ներիշխանական բալանսը՝ որոշ կլաների հետ պայքարում։
Միևնույն ժամանակ, սահմանային լարվածության վերջին շրջափուլը առնվազն անուղղակիորեն պետք է կապել Մեհրիբանի նշանակման հետ, քանի որ Ալիևը սահմանային իրավիճակը մշտապես օգտագործել է ներքին լարվածությունը դեպի հայերը շեղելու համար։ Ու հիմա, կախված նրանից, թե ինչ ընթացք կստանա Ադրբեջանի իշխանական բուրգի ռեստրուկտուրիզացիայի գործընթացը ու որքանով ակտիվ քայլերի կդիմի Մեհրիբան-Իլհամ տանդեմը, իրավիճակը կարող է էլ ավելի սրվել՝ ընդհուպ մինչև նոր կտրուկ սրացում, որն իր ծավալներով համադրելի կլինի Ապրիլյան պատերազմի հետ։
Արման Աբրահամյան