Արցախյան հարցը մտել է խորը փակուղի և, որքան հասկանում եմ, հիմնավոր կերպով։ Բացարձակապես անհնար եմ համարում, որ առկա ներքին ու արտաքին քաղաքական իրականության պայմաններում ինչպես մեզ մոտ, այնպես էլ Ադրբեջանում, հնարավոր լինի բանակցությունների միջոցով հասնել այնպիսի փոխզիջման, որն ընկալելի ու ընդունելի կլինի երկու կողմերի համար։
Տեսականորեն՝ հնարավոր է փոխզիջումային լուծում, բայց, միևնույն է, նման զիջումների պատրաստակամություն կարող է ձևավորվել միայն ու միայն ռազմական նոր ինտենսիվ բախման արդյունքում։ Իմ կարծիքով՝ առաջիկայում սպասվում է իրավիճակի զարգացման երկու սցենար՝ փոփոխական միկրոպատերազմների շղթա կամ էլ ևս մեկ ինտենսիվ, բայց կարճատև էսկալացիա, որին կհաջորդի խաղաղապահների տեղակայումը հակամարտող կողմերի միջև։
Առաջին սցենարն արդեն ուժի մեջ է, ու եթե հետհայացք ենք գցում, ապա նկատում ենք, որ այն գործարկվել է առնվազն 2014 թվականից։ Սկզբում օգոստոսյան միկրոպատերազմն էր, հետո եղավ դիվերսիոն պատերազմը, որը ձգվեց տարուց ավել, հետո՝ Ապրիլյան սրացումը, հետո՝ հրետանային պատերազմը, հիմա էլ էսկալացիայի նոր աճ է սկսվել։ Ուշագրավ է, որ Ալիևը չի էլ թաքցնում իր մտահղացումներն ու պաշտոնապես հայտարարել է, որ իրենք որդեգրել են «փոքր հաղթանակների» ռազմավարություն, որը, եթե պարզեցված ասենք, նշանակում է, որ ամեն հերթական միկրոպատերազմից հետո իրենք ուզում են նվաճել թեկուզ սիմվոլիկ, բայց ինչ-որ տարածք ու դա կհամարեն բավարար արդյունք։
Հաշվի առնելով այն ագրեսիվ քարոզչությունն ու պետության սպեցիֆիկան, ինչպես նաև այն փաստը, որ իրենց մոտ կորուստների նկատմամբ էմոցիոնալ սանդղակը շատ ավելի բարձր է, քան մեզ մոտ, ապա սա կարող է դառնալ միանգամայն արդյունավետ ռազմավարություն նրանց համար, բայց պայմանով, որ ամեն անգամ ադրբեջանական կողմն ինչ-որ բան կկարողանա գրավել, իսկ դա երաշխավորված չէ, որովհետև կարող են և չկարողանալ հաղթահարել պաշտպանությունը, եթե չասեմ, որ մենք էլ կարող ենք լոկալ առաջխաղացումներ ունենալ ու իրենցից նոր տարածքներ վերցնել։ Սա է հիմնական ռիսկը։
Երկրորդ հավանական սցենարը կրկին զուգակցված է ռազմական բախման հետ։ Ենթադրենք, թե ապրիլյան մարտերի մասշտաբի հերթական բախումն է լինում, ու կրկին բանը հասնում է այն կրիտիկական կետին, որից հետո լոկալ բախումները պետք է վերաճեն լայնամասշտաբ ռազմական գործողությունների՝ հեռահար հարվածների փոխանակմամբ, մոբիլիզացիայով ու շփման գծի ողջ երկայնքով ծավալվող մարտերով, բախումները կրկին դադարեցվում են երրորդ ուժերի միջամտությամբ։
Ու այստեղ էլ սկսվում է ամենաբարդ մասը, որովհետև ակնհայտ է, որ կողմերից և ոչ մեկը չունի բավարար պոտենցիալ՝ Արցախյան հարցին վերջնական ռազմական լուծում տալու համար։ Պետք է լինել սթափ ու իրատեսական։ Ստում են բոլոր նրանք, ովքեր հայտարարում են, որ մեր բանակը ուժ չունի երկար դիմակայելու Ադրբեջանին, ու պարտությունն անխուսափելի է։ Սակայն անկեղծ չեն նաև նրանք, ովքեր ասում են, որ մենք Բաքու կարող ենք հասնել։ Այսինքն՝ հասնել գուցե և կարող ենք, բայց մտնել չենք կարողանա։ Մաքսիմումը, որ կարող ենք անել, Եվլախի ուղղությունն է ու Գյանջայի մատույցներին դուրս գալը, բայց դա հնարավոր է միայն ամենասարսափելի ու թեժ էսկալացման պայմաններում՝ դիվիզիաների մասշտաբներով իրականացվող հարձակողական ու հակահարձակողական գործողությունների արդյունքում։
Ինչևէ, ռազմական կանխատեսումների մասին չէ, որ կցանկանայի խոսել։ Քննարկվող սցենարում պատերազմի թեժացումը կրկին կասեցվում է, ու կրկին բարձրացվում է խաղաղապահների միջազգային կոնտինգենտի տեղակայման հարցը։ Ենթադրում եմ, որ ներքին հակազդեցությունից խուսափելու համար այդ միջամտությունը կարվի միայն, երբ երկուստեք կորուստներն այնքան ցավոտ լինեն, որ մարդկանց մոտ էապես նվազի ռազմատենչությունը։ Նման պայմաններում կողմերին բաժանում են իրարից ու շփման գիծ հասկացությունը փոխարինում են մի քանի կիլոմետր լայնությամբ բուֆերային գոտով, որտեղ տեղակայում են խաղաղապահների միջազգային կոնտինգենտ։ Կարծում եմ, որ սա կմատուցվի հետևյալ կերպ՝ խաղաղապահները, իհարկե, չեն բերի Արցախյան հիմնախնդրի լուծման, բայց կարող են նպաստել դրան, որովհետև կլուծեն պերմանենտ լարվածության գերխնդիրը, որը կուտակվում է ու չի թուլանում 20 տարի շարունակ իրար վրա կրակող ու սպանող բանակների առկայության պայմաններում։ Եթե տարիներ շարունակ հայերն ու ադրբեջանցիները ամեն ամիս դագաղներ չստանան սահմանից, դա առնվազն կնշանակի, որ լարվածության ու ատելության աճ չի լինի։
Ապագային վերաբերող կանխատեսումներ անելն ամենաանշնորհակալ գործերից մեկն է, բայց ավելի իրատեսական այլ տարբերակներ, ցավոք սրտի, տեսանելի չեն։