ԵԱՀԿ Մինսկի խումբը ամեն անգամ, երբ Արցախի Հանրապետությունում (ի գիտություն ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ նման Հանրապետություն կա), ընտրություններ կամ հանրաքվեներ են տեղի ունենում, մշտապես հանդես է գալիս հայտարարությամբ, որտեղ հատուկ շեշտում է, որ Խումբը չի ճանաչում այդ ընտրության կամ հանրաքվեի արդյունքները: Սա միշտ է եղել:
Հետեւաբար, երբ սահմանադրական փոփոխությունների արցախյան հանրաքվեից առաջ Մինսկի խումբը այդ հանրաքվեի արդյունքները չճանաչելու մասին հայտարարություն է անում, պետք չէ զարմանալ կամ հիասթափվել, թե ինչու չեն ճանաչում Արցախի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները: Պետք է այնպես անել, որ Մինսկի խումբը նախ ճանաչի Արցախը, հետո՝ նրա Սահմանադրությունը, հետո արցախցիների՝ սեփական Սահմանադրությունը փոփոխելու իրավունքը, հետո նոր՝ այդ իրավունքի իրացման արդյունքը:
Ինչպե՞ս անել... Չգիտեմ, բայց գիտեմ, որ Ստեփանակերտում կարգին, հիմնովին նորոգված եւ պատրաստ օդանավակայան կա, որը կարող է ամեն օրը, անգամ օրը մի քանի անգամ քաղաքացիական ինքնաթիռներ ընդունել եւ ճանապարհել՝ Երեւանից եւ Երեւան: Ու ոչ միայն Երեւանից ու Երեւան: Փարիզից էլ, Վաշինգտոնից էլ, Մոսկվայից էլ...
Հովիկ Աֆյան