Հարգելի գործընկերներ.
Տեղեկացնում եմ, որ ''Ծառուկյան'' դաշինքի տարածքային ռեյտինգային ցուցակով, որպես անկուսակցական, մասնակցելու եմ խորհրդարանական ընտրություններին' առաջադրվելով թիվ 13 ընտրատարածքում (Տավուշ):
Մշտապես բնակվելով Տավուշի մարզում' Նոյեմբերյան քաղաքում, շատ լավ եմ պատկերացնում, թե առաջիկայում ինչպիսի մարտահրավերների եմ բախվելու' մարզում լուրջ փոփոխություններ իրականացնելու համար, միաժամանակ ամբողջովին գիտակցում եմ ստանձնելիք պարտավորություններս ու պատասխանատվությունս:
Գագիկ Ծառուկյանի հետ երկար ենք զրուցել զարգացման ռազմավարության և մարտավարության մասին, և մեր տեսակետները լիովին համընկել են: Շատ կարևոր է, որ մեր քննարկումների առանցքում եղել է ոչ թե այն, թե ինչպես ստանանք հասարակության քվեները, այլ այն, թե ինչ ենք անելու ընտրություններից հետո, որպեսզի քաղաքացիները չփոշմանեն տրված քվեների համար:
Իսկ դրա համար հարկավոր է աշխատել: Հատկապես մարզերում դա ամենօրյա, ամենժամյա աշխատանք պետք է լինի: Մարզի բնակիչը ամեն պահի պետք է զգա իր պատգամավորի ներկայությունը մարզի հասարակական, քաղաքական, տնտեսական, մարզական, մշակութային կյանքում: Մարզի պատգամավորը պետք է բնակիչների համար հասանելի լինի, կոտրի չինովնիկական տարածված կարծրատիպերը:
Քարոզարշավի ընթացքում մյուս թեկնածուների հետ վարելու եմ քաղաքական հարգալից դիսկուրս, չեմ տրվելու սադրանքների, չեմ տեղափոխվելու հուզական դաշտ: Քաղաքկանության մեջ ունեմ իմ հստակ նպատակներն ու մոտեցումները, լիովին տեղավորվում եմ պրովինցիալ պատգամավորի կենսակերպի մեջ, իմ մարզը ճանաչում եմ գրեթե ամբողջությամբ:
Աջակցության և համագործակցության առաջարկները կընդունեմ երախտագիտությամբ...
Բարի երթ...
Վարուժան Բաբաջանյան