Յուրաքանչյուր ծնողի համար իր երեխայի երջանկությունն առաջնային է կյանքում: Բայց ոչ բոլոր մայրիկ-հայրիկներն են կարողանում իրենց երեխաներին սովորեցնել կյանքում լինել ինքնուրույն, ինքնավստահ, փոքրիկ դժվարությունների դեպքում չընկնել խուճապի մեջ և, որ ամենակարևորն է, ուսման մեջ հաջողությունների հասնել: Երբեմն դաստիարակության մեջ սխալներ թույլ տալով՝ մենք երեխաներին վերածում ենք սեփական կոմպլեքսների գերիները և չենք թողնում, որ իրենք զբաղվեն իրենց փոքրիկ անհաջողություններով: Այս պարզ խորհուրդները կարող են փոքրիկի մեջ անհատականություն ձևավորել, հաջողության հասնել դպրոցում: Այսպիսով՝ սկսենք.
1. Երեխան Ձեզ ոչինչ պարտք չէ: Ինքներդ պատասխանեք այս հարցին՝ ո՞վ է որոշել նրան լույս աշխարհ բերել: Իհարկե, Դուք: Այդ իսկ պատճառով պատասխանատու եղեք Ձեր փոքրիկի մոտ և ընդունեք, որ Դուք եք նրան պարտական, այլ ոչ թե նա՝ Ձեզ:
2. Երեխան անհատականություն է: Դուր գա դա Ձեզ, թե ոչ, միևնույն է, հարկավոր է երեխային ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա՝ իր բոլոր թերություններով: Կարծում եք՝ Ձեր երեխան չափազանց դանդաղկո՞տ է: Իսկ միգուցե դա լավ բան է, որովհետև հետագայում նա կխուսափի չմտածված քայլեր անելուց: Ձեր աղջնակը չի՞ սիրում մաթեմատիկական խնդիրներ լուծել: Վատ չէ: Միգուցե Ձեր աչքերի առջև հիանալի բանասեր է մեծանում:
3. Թույլ տվեք երեխային ընտրություն կատարել: Դուք անմահ չեք. սովորեցրե՛ք երեխային ինքնուրույն որոշումներ կայացնել, փորձեք բարձրացնել նրա ինքնավստահության մակարդակը: Ձեր աղջնակը կամ տղան չի՞ ցանկանում պարի դպրոց հաճախել: Հոգ չէ, հարցրեք նրան, թե ինչն է նրան հետաքրքրում: Մի փորձեք նրանց միջոցով հասնել Ձեր՝ չիրականացած երազանքներին և նրան Ձեր ամբիցիաների զոհը մի դարձրեք: Հնարավորություն տվեք նրան գտնելու սեփական ուղին:
4. Սկսեք Ձեզանից: Երբեք չեք կարող երեխայի մեջ ուսման նկատմամբ սեր առաջացնել, եթե ինքներդ անգամ մի գիրք չեք կարդում: Ձեր փոքրիկը ամեն կերպ փորձում է նմանվել Ձեզ, այդ իսկ պատճառով լավ օրինակ եղեք նրա համար:
5. Համատեղ խաղեր: Ուսման բարդ պրոցեսը համեմեք հետաքրքրաշարժ խաղերով: Թույլ տվեք երեխային լինել ուսուցիչը, իսկ Դուք աշակերտի դերը ստանձնեք: Պատասխանելով նրա հարցերին՝ երբեմն երկմտեք, ցույց տվեք, որ մտածում եք, երբեմն էլ սխալ պատասխանեք դրանց: Այդպիսի խաղերը հանում են երեխայի միջից վախը՝ գրատախտակին մոտենալու, և ինքնավստահություն են ներշնչում:
6. Սովորեցրեք երեխային ինքնուրույն և անկախ լինել: Եթե փոքրիկը սկզբունքայնորեն հրաժարվում է վաղ առավոտյան դպրոց գնալ կամ չի ցանկանում սովորել կապել կոշիկների թելերը, ապա մի նախատեք նրան: Ընտանեկան հավաքների ժամանակ մյուս անդամներին սկսեց ինչ-որ պատմություն պատմել ոմն Արմանի (Կարեն, Լևոն) մասին, որն այնքան հմտորեն կապում էր կոշիկների թելերը (շուտ էր արթնանում, հավաքում էր սենյակը), այդ իսկ պատճառով հեքիաթի հերոսը նրան նոր ռոբոտ-խաղալիք է նվիրել: Ո՞վ է ասել, որ երեխաներին խրախուսելը վատ բան է:
7. Աշխատանքային սեղան: Լավ ու հարմարավետ պայմաններ ստեղծեք երեխայի ուսման համար: Գնեք գրենական այն պիտույքները, որոնք դուր են գալիս նրան, ոչ թե Ձեզ: Թող դա լինի արքայադուստրերով օրագիր կամ ֆիկսիկներով մատիտ, և Դուք անմիջապես կտեսնեք փոքրիկի աչքերում փայլը:
8. Ամեն ինչից մի քիչ-մի քիչ: Հիշեք, որ երեխային հանգիստ է անհրաժեշտ, առողջ սնունդ և լավ քուն: Հարկավոր չէ նրան ստիպել կեսգիշերին բանաստեղծություն անգիր անել կամ առավոտյան շատ շուտ արթնանալ՝ դասերը կրկնելու համար: Դրա կարիքը չկա: Ուսման և հանգստի հավասարակշռությունը կօգնի խուսափել երեխայի համար այնքան բարդ ու տհաճ պահերից:
9. Երեխան երբեմն դպրոցից կարող է անտրամադիր վերադառնալ. դա բնական երևույթ է: Խոսեք նրա հետ իր խնդիրների մասին, տվեք օգտակար խորհուրդներ, երբեմն էլ ուղղակի մենակ թողեք նրան: Սակայն վերահսկեք ինքդ Ձեզ և թույլ տվեք նրան ինքնուրույն լուծել իր խնդիրները:
10. Առանց խուճապի: Մի՛ կենտրոնացեք բարձր գնահատականների վրա և ոչ մի դեպքում մի նախատեք երեխային: Հավատացեք, լավ գնահատակնները կյանքում հաջողությունների համար երաշխիք չեն հանդիսանում: Առավել կարևոր է ինքն իր վրա վստահ և ներդաշնակ մարդ մեծացնելը:
Եվ վերջապես, սիրե՛ք Ձեր փոքրիկին և հաճախ ասեք նրան դրա մասին. չէ՞ որ կյանքում չկա ավելի կարևոր բան: