Հետևելով ռուսական ԶԼՄ-ներում վերջին շաբաթներին ծավալվող տեղեկատվական արշավին՝ կարելի է ենթադրել, որ մեր հյուսիսային դաշնակիցը հերթական խորքային մետամարֆոզների փուլ է թևակոխում։ Եթե զատենք վայ-հայրենասիրական զեղումները և տարատեսակ քաղաքական ծաղրածուների բացականչությունները հեռուստատեսային թոք շոուների ու վերլուծական հաղորդումների շրջանակներում, ապա կարելի է առանձնացնել երկու հիմնական մեսիջ, որոնց կարևորությունը բարդ է թերագնահատել։

 

Նախ՝ կարճաժամկետ հեռանկարի համար կրկին մոբիլիզացվում է ռուս հանրության ռազմատենչությունը։ Տպավորություն է, որ աստիճանաբար անխուսափելի ու պահանջված են փորձում դարձնել Ուկրաինայում սահմանափակ ռազմական օպերացիայի իրականացման գաղափարը՝ Սիրիայի օրինակով։ Այդ նկատառումներով առավել ինտենսիվ են սկսել կերտել հպարտ ու քաջ պատրիոտների ու չար, նենգ ու մանրախնդիր օտարների կերպարը՝ հեռուստատեսային բատալիաների շրջանակներում։ Նույն Սոլովյովի հաղորդումները եթե դիտենք, ապա կտեսնենք, որ եթե մի քանի ամիս առաջ ռազմական ինտերվենցիայի մասին առաջարկությունները մատուցվում էին որպես մարգինալ հոսանք, ապա հիմա որդեգրվել է այլ կեցվածք, որում Ռուսաստանը «համբերության բաժակի» վերջին միլիմետրերն է լցնում ու ասում Ուկրաինային, արևելաեվրոպական պետություններին (որոնց արդարացիորեն ընկալում են որպես ռուսատյացության գլխավոր օջախների), ԱՄՆ-ին ու Արևմտյան Եվրոպային, որ այսպես երկար շարունակվել չի կարող։

 

Սակայն վերոնշյալը կարճաժամկետ հեռանկարի համար է, ու կա մեծ հավանականություն, որ ինչպես 2014 թվականին, երբ Դաշնային խորհուրդը նախագահին լիազորություն տվեց բանակը երկրի սահմաններից դուրս օգտագործելու համար, այնպես էլ հիմա, պլանները կարող են վերջին պահին փոփոխվել, և Ռուսաստանը կարող է սկսել հանրային տրամադրությունների դեէսկալացիա։

 

Առավել խորքային ու երկարաժամկետ հեռանկարում լրջագույն փոփոխություններ հարուցելու պոտենցիալ ունեցող մեսիջը կապված է Ռուսաստանի սահմանադրությունը փոփոխելու հետ։ Այս պահին արդեն հայտնի է, որ հիմնական դրույթներից մեկը, որը պատրաստվում են փոխել, վերաբերում է գաղափարախոսությանը։ Ինչպես հայտնի է, 90-ականներին ընդունված ելցինյան-կոզիրեվյան սահմանադրությունը առանձին կետով ամրագրում է, որ Ռուսաստանը ՉԻ ԿԱՐՈՂ ունենալ դոմինանտ ազգային գաղափարախոսություն, և դրանում իսպառ բացակայում է «ռուս» եզրույթը։ Իրականում սա ամենևին էլ մանրուք չէ, որովհետև առանց գաղափարախոսության ու հստակ տեսլականի, բարդ է բացատրել սեփական ժողովրդին ու առավել ևս՝ հարևաններին, թե ուր է գնում Ռուսաստանը, ինչու և հանուն ինչի։ Մյուս կողմից՝ անհնար է ակնկալել ներքին կայունություն մի երկրում, որտեղ տիտղոսային ժողովուրդը իրոք ամենաստորադասվածն է՝ ընդհուպ մինչև օրենսդրություն։

 

Ելնելով այս ամենից՝ կարելի է եզրակացնել, որ Պուտինը ձեռնամուխ է եղել Ռուսաստանի համար նոր հենման կետեր կերտելու հարցում։ Հենակետեր, որոնք ավելի ինքնաբավ կլինեն ու հիմնված կլինեն ոչ միայն երկրի ընդերքի, նավթադոլարների ու, ինչո՞ւ ոչ, հենց Պուտինի ժողովրդականության վրա, այլ ներքին մոբիլիզացիայի ավելի բարձր պոտենցիալ ունեցող հասկացությունների։ Սակայն այս ամենը դեռ սկզբնական փուլում է, ու բարդ է ասել, թե ինչ ընթացք կունենա, նամանավանդ, եթե հաշվի առնենք Ռուսաստանին հատուկ անկանխատեսելիությունն ու արատները։

 

Կոնստանտին Տեր-Նակալյան