Կոսովոյի խորհրդարանը բանաձև է ընդունել սեփական զինված ուժերի ստեղծման մասին։ Կոսովոյի կառավարությունը'Անվտանգության ուժերի փոխարեն շտապ կերպով սկսելու է զինված ուժերի ձևավորման գործընթացը։
Այդ լուրն իհարկե առաջացրել է Սերբիայի իշխանությունների դժգոհությունը, որոնք չեն ճանաչում Կոսովոն և վերջին շրջանում հայտարարում են իրենց պատրաստակամության մասին մտնել Կոսովոյի հյուսիս և պաշտպանել տեղի սերբերին։
Ինչպես հայտնի է, Կոսովոյի հյուսիսում առկա են սերբական անկլավներ և Բելգրադը հանդես է գալիս Կոսովոյի սերբերի անվտանգության երաշխավորի դերում։ Կոսովոյի ու Սերբիայի մինչև ցանկացած միջադեպ կարող է հանգեցնել բալկանյան նոր պատերազմի, որտեղ կներքաշվեն մի քանի պետություններ, որտեղ գտնվում են սերբական փոքրամասնություններ, որոնք հավանաբար կցանկանան բալկանյան նոր պատերազմի պատրվակով միանալ Սերբիային, իսկ Ալբանիան օգնության կհասնի իր ազգակիցներին'Կոսովոյի ալբանացիներին։
Իհարկե Արևմուտքը չի ցանկանա Բալկաններում նոր պատերազմ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բալկանյան մի շարք երկրներ' Ալբանիա, Խորվաթիա, շուտով նաև Չեռնոգորիա, Դաշինքի անդամ են և ՆԱՏՕ–ն պետք է հանդես գա նրանց պաշտպանությամբ կամ գոնե'հաշվի առնելով, որ Սերբիան ուղիղ հարձակում չի գործում ՆԱՏՕ–ի անդամ երկրների վրա և չի կարող գործի դրվել 5-րդ հոդվածը'հարձակում ՆԱՏՕ–ի մեկ անդամի վրա նշանակում է հարձակում բոլորի վրա, ապա գոնե ռազմա–քաղաքական, տնտեսական և այլ ճնշումներ կգործադրեն Սերբիայի վրա։
Սերբիան միշտ էլ համարվել է Բալկաններում ՌԴ–ի թիվ մեկ դաշնակիցն ու դա Բելգրադին տասնամյակներով չեն ներում Բրյուսելում ու Վաշինգտոնում, ինչի հետևանքով Սերբիան զրկվեց Կոսովոյից, Չեռնոգորիայից'ելքից դեպի ծով և այլն։
Կոսովոյի կողմից սեփական բանակի ստեղծումը կարող է պայմանավորված լինել Կոսովոյի հյուսիսում առկա սերբական անկլավներից վերջնականապես «ձերբազատվելու» մտադրությամբ'Կոսովոն էթնիկ–կրոնական առումով զուտ ալբանական տարածքի վերածելու տեսլականով։
Ինչ վերաբերվում է Սերբիային, ապա Բելգրադը հույսը կարող է դնել միայն Մոսկվայի վրա, որը չի ճանաչում Կոսովոյի անկախությունն ու Սերբիային ռազմա–տեխնիկական աջակցություն կարող է ցուցաբերել։ Մոսկվան նաև կարող է, եթե գործը հասնի մեծ հակամարտության և ՄԱԿ–ի ԱԽ–ի նիստ գումարվի, իր վետոյի իրավունքն օգտագործի Սերբիայի դեմ հնարավոր պատերազմի կամ պատժամիջոցներ կիրառելու քվեարկության ժամանակ։
Չպետք է մոռանալ, որ Կոսովոյում է գտնվում ԱՄՆ–ի ամենախոշոր ռազմաբազաներից մեկը'Camp Bondsteel–ը և Վաշինգտոնը կարող է շատ արագ «մարել» թեժ օջախն ու կողմերին հետ պահել հետագա էսկալացիայից։
Բալկաններում' ԱՄՆ(NATO, ԵՄ)-ՌԴ աշխարհաքաղաքական մրցակցությունն ու proxy war–ը կարող է դառնալ նոր մարտահրավեր Թրամփի վարչակազմի համար, որը փորձում է նոր էջ բացել Կրեմլի հետ հարաբերություններում'չմոռանալով, սակայն, հիշեցնել Ղրիմի և Դոնբասի մասին։
Արտյոմ Բալասանով