Նախորդ տարվա ամռանը Վրաստանի Պն նախկին նախարար Թ.Խիդաշելիի կարգադրությամբ դադարեցվել էր պարտադիր ժամկետային զինծառայության գործընթացը, նպատակն ամբողջությամբ պայմանագրային ծառայության համակարգի ներդրումն էր, իսկ պատճառը՝ նախարարի տված խոստման կատարումը: Սակայն հոկտեմբերյան խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված կառավարության նոր ՊՆ ղեկավարը չեղյալ հայտարարեց նախորդի որոշումը և վերահաստատեց պարտադիր ժամկետային զինծառայության մասին օրենքի կիրառման պայմանի գործարկման կարգը:

 


Այսօր արդեն Վրաստանում կրկին գործում է նշված օրենքը: Սակայն նախկին նույն պարտադիր ծառայության բովանդակային մասն ամբողջությամբ փոխվելու է, և եթե մինչ այդ ժամկետային զինծառայողները հիմնականում իրականացնում էին տարբեր ռազմական նշանակության օբյեկտների կամ հաղորդակցության ուղիների պաշտպանության խնդիր-գործառույթներ, ապա խորհրդարանի կողմից համապատասխան փոփոխությունների հաստատումից հետո, նրանց ծառայությունը չի տարբերվելու պայմանագրային ծառայության ընդունված զինվորներից:

 

Ընդհանուր 12-ամսյա ծառայության ընթացքում նորակոչիկները 10 շաբաթ տևողությամբ ուսումնավարժական, լիարժեք զինվորական պատրաստության համապատասխան փուլեր են անցնելու՝ բավականին խիստ ֆիզիկական ծանրաբեռնվածության պայմաններում: Ինչպես հայտարարում են Վրաստանի համապատասխան գերատեսչության պատասխանատուները, շեշտը դրվելու է ծառայողների զինվորական բարձր պատրաստվածության ապահովման հանգամանքի վրա:

 

Ալիկ Էրոյանց