ԱՄՆ–ը Վրաստանում կկառուցի ռազմական պատրաստության կենտրոն։ Վաշինգտոնն ու Թբիլիսին պայմանավորվել են նաև նատօական ծրագրերով պատրասել վրացի զինվորականներին։ 
ԱՄՆ–ը շարունակում է ռազմական ենթակառուցվածքներ կառուցել ՌԴ–ի հարավային սահմանների մոտ`կոնկրետ Վրաստանում, որտեղ մինչ այդ`Վազիանում բացվել էր ՆԱՏՕ–ի կենտրոն։

Չնայած վրաց–ռուսական հարաբերություններում վերջերս նկատվող զգալի ջերմացման`տնտեսական կապերի ընդլայնման, Հարավային Օսիայի ու Աբխազիայի տարածքով տրանսպորտային միջանցքների վերագործարկման և վրացիների համար ՌԴ վիզաների չեղարկման հնարավորությունների մասին խոսակցություններ ֆոնին Մոսկվան ու Թբիլիսին ռազմա–քաղաքական հակառակորդներ են`Աբխազիայում ու Հվ.Օսիայում գտնվում են ռուսական զորքերը, իսկ ամերիկյան, նատօական ենթակառուցվածքների ստեղծումը ՌԴ–ի Հյուսիսային Կովկասի սահմանների մոտ Մոսկվայի կողմից կդիտվի, որպես ՌԴ–ի ազգային անվտանգության սպառնալիք`Վրաստանի համար բխող բոլոր հետևանքներով։

ՌԴ-ի Ազգային անվտանգության ռազմավարության մեջ ՆԱՏՕ-ի ընդլայնումը համարվում է Մոսկվայի համար ռազմական սպառնալիք՝դրանից բխող համապատասխան քայլերով: Աբխազիայի ու Հարավային Օսիայի գործոններն ուժեղացնելով Մոսկվան ձգտելու է թույլ չտալ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ–ին: Մոսկվան երբեք թույլ չի տա Դաշինքի սահմանների ընդլայնումը մինչև իր անհանգիստ ու ռազմավարական առումով գերկարևոր Հյուսիսային Կովկաս:

ՌԴ-ը ուժեղացնելու է Աբխազիայում գտնվող իր ռազմակայանը թե ՀՕՊ ուժերով՝նորագույն զինատեսակներով, ինչպես նաև ծովային բաղադրիչը՝Օչամչիրայի ռազմաբազայում տեղակայելով լրացուցիչ ուժեր՝սուզանավեր, ռազմանավեր, ինչը թույլ կտա իրականացնել Վրաստանի սևծովյան ափի վերահսկողությունն ու ծովային բլոկադան: Ղրիմում գտնվող ուժերի մի մասը այդ պահին կարող են հասնել օգնության: Մյուս կողմից Թբիլիսիից 40 կմ հեռավորության վրա գտնվող Հարավային Օսիայում նույնպես գտնվում են ռուսական զորքեր, վրաց-հարավօսական և աբխազա-վրացական սահմանները հսկում են ՌԴ-ի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ուժերը:

 

Բացի այդ, Մոսկվայի ու Աբխազիայի միջև ստորագրվել է ռազմավարական համագործակցության նոր պայմանագիրը։ Նմանատիպ պայմանագիր է ստորագրվել նաև Հարավային Օսիայի հետ։ Թե Աբխազիայում, թե Օսիայում գտնվում են ռուսական ռազմաբազաները։ Նոր պայմանագիրը ենթադրում է Աբխազիայի և Ռուսաստանի միջև սոցիալական, տնտեսական փոխհարաբերությունների ընդլայնում, ինչպես նաև Աբխազիայի անդամակցում Ռուսաստանի կողմից ստեղծված ինտեգրացիոն կամ այլ կառույցներին: Պայմանագրի ամենակարևոր պահը վերաբերվում է համատեղ պաշտպանության մասին կետին, ըստ որի, կողմերից մեկի վրա հարձակումը նշանակում է հարձակում մյուս կողմի վրա:
Մոսկվան ստանձնում է երեք տարվա ընթացքում աբխազական բանակը արդիականացնելու պարտավորություն: Աբխազիայի և Ռուսաստանի միջև ստեղծվելու է միասնական սոցիալ-տնտեսական տարածք, իսկ Աբխազիայի բնակչության կենսամակարդակը և տարեց բնակչությանը կենսաթոշակները պետք է հավասարվեն Ռուսաստանի կենսաթոշակների մակարդակին:

Այս պահին Հարավային Օսիայի սահմանների անվտանգությունը ապահովում են ռուսական զորքերը, որոնք տեղակայվել են Հարավային Օսիայում: Ռուսական ռազմակայանները տեղակայված են Ցխինվալ քաղաքում և Ջավա ավանում: Ռուսական զորքերի թիվը այդ ռազմակայաններում հասնում է 4.000-ի: Ռազմակայանները զինված են «Տոչկա-Ու» և «Սմերչ» համակարգերով: Ցխինվալի և Ջավայի ռազմակայանները ենթարկվում են Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի հրամանատարությանը: