Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող` 38-ամյա Գեղամ Մանուկյանը: Զոհված զինծառայողի մասին BlogNews.am-ը զրուցել է Մարտակերտի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Նատաշա Պողոսյանի հետ, ով մեզ հետ զրույցում մասնավորապես նշեց.
«Մարտակերտի համար սա շատ ծանր կորուստ է: Շատ հարգված ընտանիք են, հայրը, մայրը, կինը... բոլորն էլ հրաշալի մարդիկ, հարգված մտավորականներ: Գեղամը ծնողների միակ որդին էր, տան սյունը: Սկզբից մտածում էինք գոնե վիրավոր լիներ, ինչպես անցած անգամ էր, ցավոք այս անգամ այդպես չեղավ»:
Տեղեկացնենք, որ Գեղամի մայրն ու կինը նույն դպրոցում աշխատող ուսուցչուհիներ են, Գեղամն ու իր զավակներն էլ՝ նույն դպրոցի սաները:
«Ամբողջ դպրոցը սգի մեջ է, միանգամից մի քանի հարված: Նույն դպրոցի սան, նույն դպրոցի վաստակավոր ուսուցչուհու որդի, նույն դպրոցում սովորող երկու աշակերտների հայր: Մարդ, ով դեռ կենդանության օրոք ՀԵՐՈՍ էր, մեր հերոս Գեղամը»:
լուսանկարում՝ Գեղամ Մանուկյանն է՝ դստեր՝ Անուշիկի հետ
Հիշեցնենք, որ այսօր կեսօրին ԼՂՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես նշված էր.
Փետրվարի 8-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1979թ. ծնված Գեղամ Հենրիկի Մանուկյանը:
Նույն օրը հակամարտ զորքերի շփման գծի մեկ այլ (Մարտակերտ) ուղղությամբ ժամը 12:00-ի սահմաններում, կրկին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, ծանր վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1988թ. ծնված Կորյուն Կամոյի Կիրակոսյանը: