Նախորդ տարվա երկրորդ կեսին ակտիվ քննարկում ծավալվեց Վրաստանում գործող թուրքական դպրոցների գործունեության հետ կապված, մասնավորապես, տեղեկություններ շրջանառվեցին, որ դրանք հովանավորվում են թուրք գործիչ Ֆ.Գյուլենի անվան հիմնադրամի կողմից և նպատակ ունեն սերմանելու ու տարածելու ահաբեկչական և անջատողական, հակապետական քաղաքականություն: Այդ մասին է արտահայտվել նույնիսկ Վրաստանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը, ով անուղղակի հասկացրել է, որ Անկարան բանակցություններ է վարում Թբիլիսիի հետ նման հաստատությունների գործունեությունը կասեցնելու ուղղությամբ:
Նշված դպրոցների ներկայացուցիչները հուլիս ամսին հայտարարությամբ էին հանդես եկել առ այն, որ իրենք ներկայացնում են հեղինակավոր կրթական հաստատություններ, և նրանց նկատմամբ անարդար վերաբերմունք է դրսևորվում թուրքական և վրացական իշխանությունների կողմից:
Սեպտեմբերին ևս մեկ սկանդալ ՛՛արթնացավ՛՛. Բաթումիում առանց օրինական թույլտվության կառուցվել էր թուրքական դպրոց: Վրաստանի կրթության և գիտության նախարարը նախ քննադատեց այդ անօրինությունը, հետագայում, սակայն, պարզաբանեց, որ տվյալ հարցը քննարկման փուլում է, և դպրոցն այդուհանդերձ կգործի:
Մի քանի օր առաջ պարզ դարձավ, որ Բաթումիում գործող ՛՛Րեֆայդին Շահինի՛՛ անվան դպրոցին զրկել են պետական գրանցումից՝ Վրաստանի պետական կրթական ստանդարտները չպահպանելու հանգամանքով պայմանավորված: Դպրոցի պատասխանատուները, սակայն, իրավիճակը պայմանավորում են քաղաքական դրդապատճառներով՝ պնդելով, որ իրենք ենթարկվում են ճնշումների:
Ստեղծված իրավիճակում դժվար է հասկանալ, թե որ կողմն ինչկոնկրետ շահեր է հետապնդում, սակայն մեկ բան հստակ է՝ նման զարգացումները բացասական են ազդում վրաց-թուրքական հարաբերությունների վրա, հատկապես, եթե հաշվի առնենք, թե ինչ արձագանք է այն ստանում վրացական մեդիա դաշտում և սոցիալական ցանցերում, երբ հակաթուրքական մեկնաբանությունները դառնում են անհաշվելի:
Ալիկ Էրոյանց