Բավական ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Սիրիայի Հալեպ նահանգի հյուսիս-արևելքում գտնվող ալ-Բաբ քաղաքի հետ կապված, որը վերահսկվում է «Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական խմբավորման կողմից և հանդիսանում է կառույցի վերջին լուրջ հենակետը Սիրիայի հյուսիսում: Բանն այն է, որ արդեն մի քանի շաբաթ է, ինչ հյուսիսից քաղաքն ԻՊ-ից գրավելու ռազմագործողություն են նախաձեռնել «Սիրիական ազատ բանակ» կոչվող չափավոր ընդդիմադիր կառույցի մի շարք խմբավորումներ, որոնց ակտիվորեն աջակցում են թուրքական ԶՈՒ ցամաքային և օդային որոշ ստորաբաժանումներ, մինչդեռ գործողությունը ցայժմ հաջողությամբ չի ավարտվել: Իսկ արդեն այսօր տեղեկատվություն է տարածվել առ այն, որ հարավից ալ-Բաբի մատույցներին են մոտեցել սիրիական կառավարական ուժերը՝ մասնակի շրջափակման ռեժիմ առաջացնելով իսլամականների համար:
Նման պայմաններում ստեղծվել է բավական հետաքրքիր իրավիճակ ռազմական գործողությունների հետագա ընթացքի հետ կապված. հնարավոր զարգացումները կարող են ծավալվել հիմնականում նաև հետևյալ 3 սցենարով՝
1. Որոշակի համագործակցություն է ծավալվում սիրիական բանակի և հակակառավարական խմբավորումների միջև՝ քաղաքն իսլամականներից ազատագրելու ուղղությամբ. զարգացումների նման ընթացքն, այնուամենայնիվ, չի կարելի բացառել՝ հաշվի առնեով Սիրիայի տարածքում 2016թ. վերջից գործող հարաբերական զինադադարի ռեժիմի, դրան հաջորդած՝ Աստանայի հանդիպման իրողություններն, ինչպես նաև՝ տվյալ հակամարտ դերակատարների առանցքային արտաքին հովանավորների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև գործող համագործակցության ձևաչափը՝ Սիրիայի տարածքում հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ:
2. Զարգացումների հաջորդ հնարավոր տարբերակը բանակային ստորաբաժանումների և ընդդիմադիր խմբավորումների միջև մրցակցության հնարավորությունն է՝ ալ-Բաբը վերջնականապես և ամբողջությամբ ազատագրելու առումով. այս սցենարի պարագայում չի բացառվում նաև հակամարտ ուժերի միջև ուղղակի բախման հնարավորությունը, ինչը հավելյալ խնդիրներ կստեղծի նաև, ընդհանուր առմամբ, Սիրիայում առկա հրադադարի ռեժիմի հետագա պահպանման հարցում:
3. Հնարավոր է նաև իսլամականների կողմից քաղաքը խաղաղ ճանապարհով ազատելու բանակցային տարբերակի գործարկումը, ինչի արդյունքում ԻՊ-ի զինյալները կհեռանան Ռակկա. մինչդեռ այս դեպքում ևս կարևորագույն խնդիր է շարունակում հանդիսանալ՝ թե որ ուժերն ի վերջո կմտնեն ալ-Բաբ, և ում ամբողջական վերահսկողության ներքո կգտնվի քաղաքը:
Անշուշտ, հնարավոր են նաև զարգացումների այլ տարբերակներ, մինչդեռ ալ-Բաբի խնդիրը չափազանց հետաքրիր է նաև Սիրիայի տարածքում ակնկալվող հետագա ռազմագործողությունների, սիրիական հիմնախնդրի հանգուցալուծման քաղաքական գործընթացի տեսանկյունից, քանի որ քաղաքի ճակատագրի հարցում կայանալիք համաձայնությունը կարող է որոշակի հիմքեր ստեղծել առաջիկայում Ժնևում ծրագրված սիրիական հիմնախնդրի կարգավորման քաղաքական գործընթացի հաջողության համար, իսկ կողմերի ուղղակի բախման հետևանքով հավանական է դեպքերի տրամագծորեն հակառակ սցենարը՝ ընդհուպ մինչև Սիրիայի տարածքում գործող հերթական հրադադարի ռեժիմի վերջնական տապալման հնարավորությունը և ռազմական իրավիճակի սրացումը:
Արմեն Պետրոսյան