Այսօր համացանցում հայատառ գրելու օրն է, որը գործնական հայրենասիրության մի տեսակ է: Աստվածատուր մեսրոպատառ հայոց լեզուն հայի ինքնության անքակտելի մասն է, որի կորուստը կամ չիմացությունը մեծավ մասամբ հային կտրում է իր արմատներից: Համացանցում հայերեն գրելն ամեն մեկի սրբազան պարտքը պետք է լինի, սկզբունքը և հստակ դիրքորոշումը: Անընդունելի են հայերեն չգրելու բոլոր պատճառաբանությունները, քանզի այսօր հեշտությամբ կարելի է այդ խնդիրը լուծել:

 

Սա հարգանք է մեր լեզվի, ազգի, նախնիների և հենց մեր հանդեպ: Ես բախտ եմ ունեցել որոշ ժամանակ ուսանել Դանիայում և մոտիկից ուսումնասիրել վիկինգների ժառանգներին: Ինձ ցայսօր էլ զարմացնում է նրանց նախանձախնդրությունն իրենց լեզվի, պետականության, թագուհու և պետական խորհրդանիշերի հանդեպ:

 

Փորձի´ր դանիացուն օտար լեզվով ինչ-որ բան հարցնել, չի պատասխանի, քանզի պարտավոր ես իրենց երկրում դաներեն իմանալ: Սա ամեն դանիացու մտածողությունն է և սկզբունքը, որը նաև մեզ եմ մաղթում: Տեսեք' ինչքա¯ն գումարներ ենք ծախսում, ջիգ ու ջանք ներդնում որևէ օտար լեզու սովորելու համար, բայց այս ամենը չպետք է լինի մեր մայրենի լեզվի հաշվին: Սիրե´նք և փայփայենք մեր լեզուն, քաջ տիրապետե´նք մայրենիին և այսուհետ միայն հայատառ գրենք համացանցում:

 

Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյան