ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գաղափարական հակառակորդները ցնծության մեջ են՝ Միացյալ Նահանգների դաշնային դատարանը կասեցրել է իսլամական յոթ պետություններից ներգաղթողների ընդունումը ժամանակավորապես դադարեցնող հրամանագրի գործողությունը: Թող ասածս սրբապղծություն չթվա ցնծացող հակաթրամփականներին, բայց պետք է ասեմ, որ ԱՄՆ նախագահն այս իրավիճակից բոլոր դեպքերում շահած դուրս կգա:
Եթե դատական ատյանի որոշումն ուժի մեջ մնա, ապա կստացվի, որ ամերիկյան ժաղավրդավարությունը շարունակում է իր բարձրության վրա մնալ և անգամ իր կոշտ հայացքներով և համառությամբ աչքի ընկնող Թրամփը ստիպված է համակերպվել այն իրողությանը, որ այդ երկրում նախագահն ամենակարող մեկը չէ և պարտավոր է ենթարկվել դատական իշխանության որոշմաններին: Ի դեպ այս կերպ նա հնարավորություն կստանա նաև առանց սեփական վարկին վնաս պատճառելու հրաժարվել իր որոշ նախընտրական խոստումներից:
Իսկ եթե, այնուամենայնիվ հաջողացնի հաղթահարել դատական ատյանի արգելքը՝ դատական նոր որոշման հիման վրա, ապա կստացվի, որ նա միանգամայն օրինական ճանապարհով կկարողանա տեր կանգնել իր նախընտրական խոստումների կենսագործմանը և շատերի համար սկզբունքային ու հետևողական ղեկավարի համբավ ձեռք կբերի: Մի խոսքով՝ ամեն դեպքում շահում են Թրամփն ու օրենքի վրա հիմնված ամերիկյան ժողովրդավարությունը:
Արման Մելիքյան