2017 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքը, որով գործունեության 23 տեսակով ինքնազբաղված անձինք ազատվում են հարկումից:
Նշենք, որ ինքնազբաղված անձինք են համարվում տարեկան մինչև 9 մլն դրամ շրջանառությամբ վարձու աշխատող չունեցող ֆիզիկական անձինք և անհատ ձեռնարկատերերը, ովքեր տնտեսական գործունեությունը կազմակերպում են ինքնուրույն, մեկ վայրում և չեն հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի կողմ:

 


Ինքնազբաղվածներն այդ գործունեության տեսակների մասով ազատվում են ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա հարկերից, բացառությամբ նրանց կողմից ապրանքների ներմուծման դեպքերում վճարվելիք հարկերը: Խոսքը վերաբերում է բնակչության պատվերով կատարվող մի շարք ծառայությունների՝ հագուստի արտադրության և վերանորոգման, փայտյա իրերի պատրաստման, կահույքի և տան կահավորանքի, համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային տեխնիկայի նորոգման, ծրագրային սպասարկման, լեզուների ուսուցման դասընթացների, զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների սպասարկման և այլն:

 


Հարկային արտոնությունից օգտվելու համար ինքնազբաղված անձինք իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում դիմում և հաջորդ աշխատանքային օրը ստանում հարկերից ազատման արտոնագիր՝ անվճար: Արտոնագիր ստացած ինքնազբաղված անձինք օրենսդրությամբ սահմանված հաշվետվություններ չեն ներկայացնում:

 

Տնտեսական անկյուն