Ճամբարափոխ եղած քաղաքական գործիչներն անկախ իրենց նախկինում ունեցած վաստակից և արդյունավետ աշխատանքից, ոչ մի պարագայում չեն ընդունվի հանրության կողմից: Այս դիտարկումը օբյեկտիվ է և բեկման ենթակա չէ, քանզի քաղաքական հասունությունը թույլ չի տալիս տարին մեկ փոխել քաղաքական դիրքորոշումները:
Եթե դու համագործակցում ես որևէ ուժի հետ, նշանակում է կիսում ես նրա որդեգրած մարտավարությունն ու գաղափարները: Որքանով է «տղամարդկային» կամ քաղաքական գործչին վայե՞լ տվյալ պահվածքը, երբ մի ընտրությունների ժամանակ պայքարում ես որևէ ուժի դեմ, իսկ հաջորդ ընտրություններին արդեն նրա հովանու ներքո ես հանդես գալիս:
Կարծում ենք արդեն իսկ պարզ է, որ խոսքը նախկին ԲՀԿ-ական, ներկա անկուսակցական, բայց ՀՀԿ-ականի «շարժիչով» Մարտուն Գրիգորյանի մասին է: Հիշեցնելու կարիք չկա, որ նրա հիմնական քաղաքական կարիերան սկիզբ է դրվել ԲՀԿ շարքերը համալրելուց և Ծառուկյանի վստահությանը արժանանալուց հետո, ինչի արդյունքում էլ Մարտունը 034 ընտրատարածքից առաջադրելով իր թեկնածությունը դարձավ պատգամավոր: Բոլորովին վերջերս, երբ քաղաքական դաշտում դեռ անորոշություն էր տիրում՝ Գագիկ Ծառուկյանի բացակայության ֆոնին, Մարտունի քաղաքական ամբիցիաները տեղի տվեցին և գերակշռեցին արժանապատվությանն ու «տղամարդկությանը» և չհամբերելով, դավաճանելով սեփական համոզմունքներն ու տարիների վաստակը, կայացրեց որոշում, որն էլ ակամայից ճամբարափոխ լինող գործչի պահվածք էր իրականում:
Ինչպե՞ս կարող է Մարտունը ժողովրդին դիմել իր ելույթում, երբ այդ նույն ժողովրդի աչքերում Մարտուն Գրիգորյան քաղաքական գործիչը թրծվել է նույն Գագիկ Ծառուկյանի այդ ժամանակվա ղեկավարության տակ գտնվող ԲՀԿ-ի քաղաքական դարբնոցում: Հիմա այդ ռեյտինգը ժողովրդի վստահությամբ վաստակված, չի կարող ծառայեցվել ճամաբարափոխ եղած Մարտունի շահերին, քաղաքական ամբիցիաները բավարարելու համար, քանզի ժողվուրդը Մարտունի նման մի քանի կաշի չունի, հստակ է համոզմունքների և գաղափարախոսության մեջ և եթե նախկինում սիրելի քաղաքական գործիչ Մարտունը, որոշում է կայացրել ուրանալ անցյալն ու ոչ արժանապատիվ ներկայով առաջնորդվել, իր մուրն իր գլուխը, դրանից հետո Մարտունից բացի ուրիշ ոչ ոք չի տուժելու:
Այս համատեքստում, Մարտունի շանսերը նախկինի հետ համեմատած, խիստ նվազելու են և բնավ տարօրինակ չի լինի, երբ Մարտունը հենց նույն 034 ընտրատեղամասում խայտառակ պարտություն կրի: Վերջիվերջո ժողովուրդը, գյումրեցին շատ լավ է հիշում ով ով է և չի մոռանում մարդկանց անցյալը, իսկ Մարտունի պարագայում գյումրեցին չի ների նրան այս որոշման համար, իսկ դրանով էլ արդեն վերջակետ կդրվի Մարտուն Գրիգորյան քաղաքական գործչի քաղաքական կարիերային:
Սրբուհի Քալանթարյան