Ես զորցարվել եմ կրտսեր սերժանտի կոչումով, բայց ոչ սերժանտական պաշտոնով (ռադիոհեռախոսավար)։ Ոչ ռադիոհեռախոսավարության հետ եմ կապ ունեցել, ոչ էլ կապավոր էի մեծ հաշվով։ Բայց քանի որ զորամասի հրամանատարությունը հեչ չէր ուզում, որ ես այլ զորամասում ծառայեի, ինձ ֆիկտիվ պաշտոնի էին գրանցել, զորացրվելուցս առաջ էլ հրամանատարս առաջարկեց ընտրել․ 5 օր արձակո՞ւրդ, թե՞ սերժանտի կոչում։ Ընտրեցի կոչումը, որը ստացա զորացրվելուց մի երկու օր առաջ։
Առակս ի՞նչ կցուցանե․ բանակում տարբեր իրավիճակներում, տարբեր նշումներ են տեղ գտնում զինգրքույկումդ՝ երբեմն լավ, երբեմն վատ, որոնք միշտ չեն արդարացի ու օրենքի տառին համապատասխանող։ Հիշեցի սա, որովհետև վերջին օրերի մեյնսթրիմ թեման զինգրքույկներում մարտական գործողությունների մասնկացության մասին նշումների ջնջելու պատմությունն է։
Ըստ իս, շատ բան չի փոխվել այս առումով և իրոք ունենք իրավիճակ, որ X քանակությամբ զինծառայողի գրքույկներից ջնջել են համապատասխան նշումը, քանի որ քանի կա բանակ, կան նաև բութ սոլդաֆոններ, ովքեր զուտ վատության համար, կամ էլ որոշակի հանձնարարական կատարելիս՝ երևակայության իսպառ բացակայության պատճառով, կացնային լուծումներ են տալիս (օրինակ՝ որոշում են, որ հրետանավորը ու վարորդը չեն կարող համարվել մարտական գործողության մասնակից)։ Վստահ եմ, որ կա նաև Y քանակությամբ զինծառայող, ում զինգրքույկներում համապատասխան նշումը հայտնվել է մոտավորապես նույն կերպ, ինչպես իմ սերժանտական ուսադիրները՝ լավության կարգով, կամ էլ ԽԾԲ-ով (օրինակ՝ Բալուջայի պահեստներում ծառայող ինչ-որ կամպյուտրշիկի զինգրքույկում)։
Իրականում, չեմ կարծում, որ այդքան էլ բարդ խնդիր է պարզել մասնակիցների հստակ քանակը, եթե հաշվի առնենք, որ քառօրյայի ժամանակ անմիջական մասնակցություն ունեցել են սահմանափակ թվով զորամասեր ու առանձին ստորաբաժանումներ։ Ու կարծում եմ, որ հենց դա էլ կարվի, բայց չզարմանաք, որ դրանից հետո էլի հայտնվեն դժգոհներ, ովքեր ցույց կտան համապատասխան նշման վրա կարմիր տառերով գրված «անվավեր»-ը, իսկ մեզանից շատերը չեն էլ խորանա, թե իրականում այս մարդը Աղդամի ուղղությամբ հակառակորդի հերն անիծող հրետանավո՞ր էր, թե՞ Բալուջայի պահեստներում տուշոնկա խեղդող կամպյուտրշիկ։
Կոնստանտին Տեր Նակալյան