ՆՈՐԻՑ ՎԵՐԱՐՏԱԴՐՎՈՒՄ ԵՆ
ՀՀ Նախագահի ընտրություններից հետո նոր դասավորումներ կլինեն իշխանության բուրգում: Այսպես, Հովիկ Աբրահամյանը վերջապես կհասնի իր երազանքների իրականացմանը և կստանձնի վարչապետի պաշտոնը: Փոխվարչապետներ կլինեն Արմեն Գևորգյանը, Կարեն Կարապետյանը և Սերգո Կարապետյանը: Ճիշտ է, ՕԵԿ-ում չարությամբ են նայում այն փաստին, որ իրենց կուսակցության անդամ համարվող, սակայն, ըստ էության, չհանդիսանալով ՕԵԿ-ի գաղափարակիրը, երկրի ունևորներից ու խոշոր բիզնեսմեններից մեկը դառնալու է փոխվարչապետ: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, այժմ ՕԵԿ-ում մեծ պայքար է սկսվել, ոմանք արդեն աշխատանքներ են տանում, որպեսզի մինչև ընտրություններ ջրի երես ելնեն Սերգո Կարապետյանի ,,ատկատներն,, ու գործունեության ստվերոտ կողմերը: Սակայն, ինչպես ասում են, երկրի նախագահն անդրդվելի է և հավատարիմ իր սկզբունքներին, իշխանություն առավել բարձր տեղերից մեկը տրամադրում է ոչ թե խոշոր տնտեսագետի, այլ սեական օլիգարխիայի ներկայացուցիչներից մեկի: Կալուգայի Սամոյի եղբայրը ևս բարձր պաշտոն է ստանում կառավարությունում և դառնում փոխվարչապետ: Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանին, այնուհանդերձ, լրջորեն նեղել են մոսկովյան օլիգարխիկ շրջանակները... Վերջապես Գալուստ Գրիգորիչ Սահակյանն էլ դառնում է ԱԺ նախագահ: Բոլշևիկյան տրեխներով, մանրգրպանային աշխարհայացքով, կիսանժդեհյան թթխմորով, գեբելսյան հոգեբանությամբ այս մարդը ստանձնելու է օրենսդիր մարմնի ղեկավարի պաշտոնը՝ այսպես մեզ հասկացնելով, որ 21-րդ դարում վերադառնում ենք կոլխոզ-սովխոզային ժամանակները: Ու չի բացառվում, որ խորհրդարանի աշխատանքները սկսվեն ամեն օր ,,Այսքան ուրախ կյանքը մեր ընկեր Ստալինն է տվել,, երգի մեղեդիների ներքո... Վարչապետ Տիգրան Սարգսյանը, հավանաբար, նոր պաշտոն չի ունենա, որովհետև նա չի կամենում վերադառնալ Կենտրոնական բանկ, իսկ կինն էլ պարտադրում է մնալ վարչապետի պաշտոնին, որպեսզի այս տարի ևս իր ունեցվածքին մեկ միլիոն դոլար ավելացնի: Իհարկե, խոսքը միայն հայտարարագրվածի մասին է: Նախարարների շրջանում լուրջ տեղաշարժեր չեն գրանցվի: Ինչպես շատերը նստած իրենց տեղերում՝ թալանում են մեր երկիրն ու տնտեսությունը և ժողովրդին տանում դեպի անդունդ, այդպես էլ կշարունակեն իրենց ,,առաքելությունը,,: Չի բացառվում, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին ուղարկեն ջայլամաբուծությամբ զբաղվելու, գուցե ինչ-որ մեկին էլ նշանակեն որևէ երկրում դեսպան...
Մի խոսքով, պրոլետարական ծագմամբ և կոմերիտական անցյալով Սերժ Սարգսյանը շարունակում է ամրապնդել օլիգարխների վրա հենված իշխանությունը: Նշանակում է, նա հավատարիմ է մնում իր կարգախոսին՝ ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ՝ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՕԼԻԳԱՐԽԻԱՅԻ ՀԱՄԱՐ...
Հ.Գ.- Տեղեկանալով այն մասին, որ Տիգրան սարգսյանն այլևս վարչապետ չի լինելու, նրանից պարգևներ ստացած մեր գործընկերներ արդեն այսօրվանից կսկսեն քծնել Հովիկ Աբրահամյանին...