Ըստ լրատվամիջոցների տեղեկատվության, վերջերս հայտնի դարձավ, որ Վրաստանի ղեկավարությունը մտադիր չէ մասնակցություն ունենալ Հյուսիսատլանտյան դաշինքի 2017թ. կայանալիք գագաթաժողովին, որը հիմնականում նվիրված է լինելու ԱՄՆ նախագահի նոր վարչակազմի հետ հարաբերությունների հիմնահարցերին։ Վրաստանի ղեկավարության նման դիրքորոշումն ըստ երևույթին պայմանավորված է նրանով, որ Դաշինքի ղեկավարությունը փորձելով համագործակցության եզրեր գտնել ԱՄՆ նորանշանակ նախագահի հետ, չի շտապում առաջիկա գագաթաժողովին շոշափել ՆԱՏՕ ընդլայնմանը վերաբերող հարցեր։
Ավելին, ՆԱՏՕ առաջիկա գագաթաժողովին ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության խորացման հնարավոր հարցի բարձրացմանը բավական կոշտ կարձագանքի պաշտոնական Մոսկվան, ինչը ներկայում հակասում է ԱՄՆ նորընտիր նախագահի որդեգրած դիրքորոշմանը։ Դա իր հերթին կհանգեցնի ՆԱՏՕ-ԱՄՆ հարաբերությունների վատթարացմանը, ինչը մեղմ ասած այնքան էլ ընդունելի սցենար չէ Դաշինքի համար, եթե հաշվի առնենք նույն Թրամփի բացասական մոտեցումները Դաշինքի հեռանկարների հետ կապված։
Դ. Թրամփը, ձգտելով բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, բացասաբար է ընդունել նաև դեռևս 2017թ. սկզբներին ԱՄՆ սենատորներ Ջոն Մաքքեյնի, Լինդսի Գրեմի այցելությունը Վրաստան։ Այցի հետ կապված նա նշել է, որ «սենատորները ավելի լավ է իրենց ուշադրությունը դարձնեն ԻՊ-ի դեմ պայքարի, սահմանային անվտանգության ապահովման խնդիրների վրա, քան հրահրեն Երրորդ համաշխարհային պատերազմ»։ Վերոնշյալ հայտարարությունում ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին հասցեագրված ԱՄՆ նախագահի ուղերձը թերևս մեկնաբանության կարիք չունի։
Կարեն Վերանյան