Բնականաբար, ոչ թե հայոց բանակի, այլ հայոց կինեմատոգրաֆի մասին: Ցանկացած սիքվել ուզած թե չուզած համեմատվում է առաջին մասի հետ, մանավանդ, եթե հեղինակը (սցենարիստն ու ռեժիսորը) նույնն անձն է։ Եվ այս դեպքում, երբ պատմությունների միջև կա այսքան մեծ գեղարվեստական և ոճային տարբերություն, հիշվում է մեկ, բավականաչափ ուղիղ և ոչ խորամանկ վարկած, թե ինչու է այսօրվա տեղական կինոարտադրությունը նման ճահճում, ինչու է այսպիսին, իրականությունն է այդպիսին։

 

Ինտելիգենտ ու նոստալգիկ առաջին ֆիլմից հետո երկրորդը բավականաչափ էկլեկտիկ է, ինձ համար որոշ տեղերում դրամատուրգիայի և կառուցվածքի առումով անհասկանալի։ Կարծում եմ՝ պատճառը հնարավոր սուղ ժամկետներն են և ֆիլմերի հեռուստատարբերակի առկայությունը (որը դեռ էկրան չի բարձրացել)։

 

Նաև ես որերորդ անգամ համոզվում եմ ավագ սերնդի դերասանական կազմի միապաղաղության և ժամանակավրեպ լինելու մեջ։ Հնարավոր պատասխան՝ չեն հասկանում՝ ինչպես խաղան, որովհետև առհասարակ տեղյակ չեն, թե ինչպես է այսօր ապրում, հնչում ու արտահնչում համաշխարհային կինոն՝ իր բոլոր գեղարվեստական ատրիբուտներով։

 

Նաև լավ բաների մասին՝ Արծրուն Չոբանյանն ու Բաբկեն Չոբանյանը, Անի Ղազարյանը, Նարինե Գրիգորյանը, Դիանա Մալենկոն (որին հյուսիս-հարավային թրեշից հետո գուցե և առաջին կադրերից չճանաչեն) ահագին տպավորիչ ծանոթություն-բացահայտում հայկական հայկո-մկոյական մեյնսթրիմը պաշտողների համար. թարմ, խոստումնալից կինոդեմքեր, որոնց ֆոնին ավագ սերունդը դիտվում է ոչ համոզիչ։

 

Հայկական կինեմատոգրաֆի զարգացման համար լուրջ խնդիր է հանդիսանում կինոդահլիճում մարդ հաշվելը։ Փաստորեն, դա միակ կրիտերիան է՝ հայկական կինովարձույթն իր եկամուտով։ Դա կարող է կարևորագույն կետը լինել միայն այն դեպքում, եթե կինոն դիտարկվում է զուտ ապրանքի տեսանկյունից, իսկ լրագրողները նշում են, որ ֆիլմը լավն է, որովհետև 42-րդ րոպեին իրենք հիշել են իրենց հորեղբոր տղային և հուզվել։

 

Պետք է չտրվել սենտիմենտներին, պետք է հասկանալ, թե ինչն էր լավը, ստացվածը, արժեքավորը, պահել դա և զարգացնել։

 

Յուրաքանչյուր նոր հայկական ֆիլմից հետո ինձ մոտ մեծ ցանկություն է առաջանում մասշտաբային քննարկում ծավալել, խորքային վերլուծել ու հատիկ-հատիկ ստացված և չստացված ասպեկտները բաժանել։ Բնականաբար, կինոլրագրողական տեմպն ու մի շարք այլ պատճառներ խոչընդոտ են հանդիսանում։

 

Եթե կարճ ամփոփեմ այս ռեվյուի ֆեյսբուքյան ինտրոն՝ ուրեմն այսպես՝ առաջին և երկրորդ ֆիլմերի երկխոսություններն ու քասթը այն պառճառներն են, որոնց շնորհիվ ֆիլմերը հաղթում են։ Հաղթում են ինձ համար։ Եվ հաղթում են միայն մեր շուկայում։ Գիտեմ՝ չկա և չկար նպատակ ֆիլմն արտերկիր ուղարկելու, սա այդ նախագիծը չէ, (տենց, բա մեկը չհարցնի՝ ե՞րբ ենք վերջապես սկսելու), բայց երբ ֆիլմի գլխավոր դերասաններից մեկը կրվում է իր ռուս կոլեգային, խամրում և կորչում նրա ֆոնին, կինոդահլիճում լուռ տխրում և մահանում է մի կինոքննադատ...

 

Դիանա Մարտիրոսյան