ԱԺ հայտարարություններիցս մեկում նշել էի, որ Հայաստանի ԵԱՏՄ ընտրելուց քիչ ժամանակ անց մենք իսկապես սկսելու ենք նմանվել այդ ակումբի երկրներին, այլ ոչ թե մենք ենք նրանց առաջ տանելու: Այդ ժամանակ անդրադարձս նվիրված էր միջազգային ինդեքսներից մեկի գնահատականին առ այն, որ մենք հետընթաց էինք ապրել: Արդեն երկրորդ օրն է, ինչ հրապարակվել է «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» բրիտանական հեղինակավոր հետազոտական և խորհրդատվական ընկերության ամենամյա հաշվետվությունը ժողովրդավարության վերաբերյալ: «Ժողովրդավարության Ինդեքս-2016. «Նողկալիների» վրեժխնդրությունը» վերնագիրը կրող զեկույցը նշում է, որ Հայաստանը, 2016-ի ընթացքում 4 քայլ հետ գնալով, արդեն դասակարգվել է 120-րդ տեղում և այլևս համարվում է ավտորիտար երկիր:

 

Ես շատ լավ հասկանում եմ, որ զանազան միջազգային ռեյտինգային ինդեքսների ինստիտուտը կատարյալ չէ, և հնարավոր են նաև մանիպուլյացիաներ, բայց արդյո՞ք այս անգամ մենք ունենք հենց այդ դեպքը: Առնվազն մենք գիտակցում ենք, որ աշխարհը այսպես թե այնպես հենց հաշվետվության առաջարկած ձևով է մեզ ընկալելու: Մեկ բան է, երբ մենք կարող ենք համարել, որ դե բոլորը ծախված են, բայց լիակատար այլ բան է, թե սրանից հետո մենք ինչ պետք է անենք, որ այս իրավիճակը շտկենք:

 

Իրականում Հայաստանի իշխանությունները հետևողականորեն այնպիսի քաղաքականություն են սկսել վարել, որ մենք բոլոր ժողովրդավարական և ազատությունների ռեյտինգներով նվազում ենք ունենում: Սրան հավատալ-չհավատալու հարց չկա: Մենք վերջին ժամանակահատվածում իսկապես որևէ զարգացում չունենք, իսկ վատթարացման օրինակներ մեր մամուլում՝ ինչքան ուզես: Իսկ մամուլն էլ իրական կյանքից է չէ՞ գրում:

 

Պարոնայք իշխանավորներ, վայելեք այն, ինչին ինքներդ հասցրեցիք՝ Հայաստանը ավտորիտար երկիր է, կամ գիտակցեք ու սկսեք իրական փոփոխությունները: Սկսեք, օրինակ, Վանաձորում նոր ընտրություններ նշանակելուց, ԱԺ ընտրությունների օրը ապրիլի 2-ից փոխելով, և այլն, և այլն, և այլն: Սկսե՛ք ազնիվ ընտրություններից: Ձեզ մոտ չի ստացվում մեզ հպարտություն պարգևել՝ Հայաստանը ժողովրդավար երկիր դարձնելով, գուցե այլոք դա կարող են իսկապես անել։

 

Թևան Պողոսյան