Ըստ Վրաստանի պետական վիճակագրական ծառայության տվյալների, 2016թ-ի ամենախոշոր առևտրային գործընկերների շարքում առաջին տեղում է հայտնվել Կանադան, որը վերջին տարիներին այդ դիրքն անսասան պահող Թուրքիային շրջանցել է ավելի քան 300 մլն դոլար շրջանառությամբ: Երկրորդ հորիզոնականում հայտնված Թուրթիան, սակայն, 2015թ.-ի համեմատ բարելավել է Վրաստանի հետ կատարված արտաքին առևտրաշրջանառության ծավալների ցուցանիշները՝ առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելով մոտ 8 մլ-ով:
Հայաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառության ծավալները 2016թ.-ին, նախորդած տարվա համեմատ, աճ են գրանցել՝ կազմելով 367 մլն:
Ի տարբերություն Թուրքիայի և Հայաստանի պարագայի, Վրաստանի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառության ծավալները զգալի նվազել են՝ 2015թ-ին գրանցած 783 մլն-ի փոխարեն 2016թ-ին գրանցելով ընդամենը 648 մլն:
Վերոնշյալ սանդղակում ցուցանիշները բարելավել է նաև Ռուսաստանը՝ 881 մլն տարեկան շրջանառությամբ դառնալով Վրաստանի երրորդ ամենախոշոր առևտրային գործընկերը:
Ինչ վերաբերում է Կանադայի և Վրաստանի միջև առևտրաշրջանառության ծավալների կտրուկ աճին, ապա տվյալ հանգամանքը պայմանավորված է Վրաստանի առողջապահության նախարարության՝ միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող C հեպատիտի դեմ պայքարի ծրագրին, որի արդյուքում Կանադայից Վրաստան է ներմուծվել շուրջ 1.8 մլրդ դոլարի համապատասխան դեղորայք: Ի դեպ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ հետազոտություն իրականացված երկրների ցանկում, որտեղ C հեպատիտով վարակված մարդկանց թվաքանակը բնակչության շրջանում մեծ տոկոս է կազմում, Վրաստան դասվել է անբարենպաստ երկրների ցանկի ՛՛վատագույն եռյակին՛՛:
Ալիկ Էրոյանց