ԱՄՆ նորընտր նախագահ Թրամփը իր ելույթում հստակորեն ասաց ամբողջ աշխարհին, որ այսուհետ հիմնականում զբաղվելու է երկրի ներքին գործերով և միայն ելնելու է պետության շահերից, այսինքն՝ արտաքին քաղաքական ծրագրերի իրականացման համար տրամադրվող ռեսուրսները կրճատվելու են կամ էլ դադարեցվելու են: Իհարկե, վաղ է ասել, թե նրա խոսքն ու գործը կհամընկնեն, թե ոչ, բայց երևույթը շատ կարևոր է:
ԱՄՆ-ում միշտ էլ եղել է համառ պայքար քաղաքական երկու ուղղությունների՝ իզոլյացիոնիզմի ու գլոբալիզմի միջև: Իզոլյացիոնիզմի ակունքները գալիս են դեռ 19-րդ դարի 20-ական թթ,-ից, երբ պրեզիդենտ Մոնրոն ձևակերպեց իր դոկտրինը «Ամերիկան ամերիկացիների համար»: Իմաստն, իհարկե, պարզից էլ պարզ է, արևմտյան կիսագունդը ԱՄՆ-ինն է՝ աշխարհի մյուս մասերը իրենց խնդիրներով մեր վզին չփաթաթեք: Գլոբալիստները, ընդհակառակը, հակված են խառնվել ամենուր և ամեն ինչին: Նրաց ելակետը այն է, որ աշխարհում տեղի ունեցող բոլոր իրադարձություններն էլ ինչ-որ տեղ կարող են առնչվել ԱՄՆ կենսական շահերին: Հիշենք, թե ինչպես ԱՄՆ Կոնգրեսում նույնիսկ չհաջողվեց վավերացնել 1919թ․ Վերսալյան հաշտությունը, որը Փարիզում ստորագրել էր պրեզիդենտ Վուդրո Վիլսոնը:
Հետպատերազմյան տարիներին գլոբալիզմը գերիշխում էր ԱՄՆ-ի քաղաքականության մեջ: Իհարկե, իզոլյացիոնիստները շարունակում էին գոյատևել՝ մերթընդմերթ փորձելով վերականգնել իրենց դիրքերը: Թրամփի ելույթը և նախընտրական քարոզարշավում հնչեցրած ծրագրային դրույթները տպավորություն են ստեղծում, որ կարծես իզոլյացիոնիզմը կրկին գլուխ է բարձրացնում: Եթե այդպես լինի, ապա կարող ենք ականատես լինել նաև մեր տարածաշրջանում ԱՄՆ քաղաքական ակտիվության անկում: Այս ֆոնին Լավրովի պատասխանը ադրբեջանցի լրագրողին առավել կարևորություն է ձեռք բերում, Ռուսաստանի դիրքորոշումը կարող է վճռորոշ լինել:
Գ. Քեռյան, քաղաքագիտության պրոֆեսոր
Գարիկ Կերյան