Ամենաէական մատնիչը հայացքն է: Դուք պարզապես չեք կարողնում հեռացնել Ձեր հայացքը նրանից' անընդհատ սպասելով փոխադարձության: Երբ Ձեր հայացքները հանդիպում են, իսկ Դուք, անկախ Ձեր կամքից, ուղղում եք մեջքը, նշանակում է՝ ուզում եք լավագույնս ներկայացնել Ձեր կազմվածքը:
Երբ ընկերների շրջապատում եք, տեսնելով նրան, սկսում եք բարձր ծիծաղել' փորձելով գրավել նրա ուշադրությունը: Դա այնքան արագ է ստացվում, որ հնարավոր է՝ անգամ չնկատեք, որ Ձեր ծիծաղն ուղղված է նրա ուշադրությունը գրավելուն: Բայց այ նա գլխի կընկնի, քանի որ անկախ Ձեր կամքից ծիծաղելու հետ մեկտեղ Դուք աչքերով փորձում եք որսալ նրա արձագանքը: Երբ Դուք ծիծաղում եք նրա յուրաքանչյուր կատակի վրա, դա ոչ թե նշանակում է՝ նրա կատակների երկրպագուն եք դարձել, այլ իսկապես ուրախ եք, որ նա Ձեր կողքին է: Դուք պարզապես ուզում եք նրան Ձեր կողքին պահել' հասկացնելով, որ Ձեզ հաճելի է լսել նրան:
Եթե նրան լսելով Ձեր գլուխն ակամայից թեքվում է դեպի ուսը, ձեռքերով սկսում եք խաղալ վզնոցի հետ կամ պարզապես մատներով խաղում եք, դա ցույց է տալիս Ձեր անհանգստությունը, լարվածությունը, իսկ դա նշան է, որ Դուք անտարբեր չեք… Երբ նրա հետ խոսում եք կամ պարզապես զգում եք նրա հայացքը՝ ուղղված Ձեզ, սկսում եք խաղալ մազերի հետ, հպվել Ձեր ականջի ետնամասին կամ պարզապես գլուխը թեքում եք մի կողմի վրա և ձեռքով շոյում ձգված վիզը: Դուք նյարդային չեք և ոչ էլ կաշկանդվում եք, պարզապես հավանում եք նրան: Երբ Դուք ձևացնում եք, թե ձեր հետաքրքրությունները համընկնում են: Սա ամենապարզ միջոց է հաճոյանալու նրան և միաժամանակ ցույց տալու, որ նա հետաքրքիր է Ձեզ, որ Դուք ցանկանում եք ուսումնասիրել նրան:
Երբ շփվելու ընթացքում անընդհատ փորձում եք դիպչել նրան, դա խոսում է Ձեր' նրան մոտ լինելու ցանկության մասին: Ավելի խորամանկները հպվում են նրան ուսով կամ խոսքի ընթացքում կարող են դիպչել ձեռքին: Իսկ նրանք, ովքեր շատ ավելի պարզ են, անում են համարձակ քայլեր. ուղղում են նրա օձիքը կամ դուրս ցցված մազը: