Ներկայում ԻՊ-ը Հայաստանի համար ուղղակի սպառնալիք չի ներկայացնում, քանի որ կառույցը հետապնդում է իր համար առաջնային այլ նպատակներ՝ պահպանել սեփական վերահսկողությունը Սիրիայի և Իրաքի առանձին շրջաններում, ապահովել ցանցային ճյուղավորումների, իր գաղափարակիրների ահաբեկչական ակտիվությունը ողջ աշխարհում:
Հատկապես վերջին տեսանկյունից՝ ահաբեկչական կառույցի ուղղակի կամ անուղղակի սպառնալիքները վտանգավոր են առավելապես այն երկրներում, որտեղ կա որոշակի մահմեդական բնակչություն, և հետևաբար՝ ԻՊ-ը կարող է ունենալ նաև գաղափարակիրների որոշակի զանգված, գուցե նաև՝ գործող ցանց, որը կարող է իրականացնել կառույցի ղեկավար շրջանակներից եկած հրահանգներն ու կոչերը:
Այս համատեքստում, որպես ԻՊ-ից բխող անուղղակի սպառնալիք, կարելի է ընդգծել նաև մի շարք երկրներում ազգությամբ հայ բնակչության կամ ՀՀ քաղաքացիների առկայությունը՝ հատկապես հաշվի առնելով ամբողջ աշխարհում բավական բարձր մակարդակի վրա գտնվող ահաբեկչական վտանգը:
Արմեն Պետրոսյան