2016 թ. ապրիլին եգիպտա-սաուդական բանակցությունների արդյունքում համաձայնություն էր ձեռք բերվել հիշյալ կղզիները հանձնել Սաուդյան Արաբիային:
Այդ հարցը հասարակական լայն հնչեղություն ստացավ Եգիպտոսում: Անգամ գործը քննվեց վարչական դատարանում, որը Եգիպտոսի սահմանադրությանը հակասող ճանաչեց այդ համաձայնությունը:
Այսօր արդեն կղզիների հետ կապված վճիռ կայացրեց Եգիպտոսի բարձրագույն դատարանը' մերժելով Սաուդյան Արաբիայի հետ դեմարկացիոն գծի սաուդյան կողմում թողնել եգիպտական Թիրան և Սանաֆիր կղզիները:
Կղզիները չափազանց կարևոր ռազմավարական դիրքում են գտնվում' դրանք նախ բավական մոտ են Սաուդյան Արաբիային (մոտ են գտնվում հատկապես սաուդյան Թաբուք քաղաքին), բացի այդ' տեղակայված են Ակաբայի ծոցի մոտ, որը տանում է դեպի Իսրայել և Հորդանան (1967 թ. Իսրայելի դեմ պատերազմի ժամանակ Եգիպտոսը փակել էր ծոցը' բլոկադայի ենթարկելով հրեաներին):
Կղզիները առանցքային նշանակություն ունեն Եգիպտոսի Սինայի թերակղզու և Կարմիր ծովի անվտանգության ապահովման համար ընդհանրապես: Դրանք նաև չափազանց կարևոր զբոսաշրջության ուղղություններ են եգիպտացիների համար:
Այդ է պատճառը, որ Սաուդյան Արաբիան հետաքրքրված է այդ կղզիներով ու, կախվածության մեջ պահելով անբարենպաստ պայմաններում հայտնված Եգիպտոսին, փորձում է տիրանալ Թիրան և Սանաֆիր կղզիներին:
Սարգիս Գրիգորյան