Վրաստանի տարածքով Հայաստան հասնող ռուսական գազի մատակարարման մասով տրանզիտային շուրջ 15-ամյա պայմանագրի պայմանը ռուսական կողմի առաջարկով և վրացական կառավարության որոշմամբ փոխվում է, և տարանցիկության հումքային 10 տոկոսի վճարը շուտով փոխարինվելու է ֆիքսված գումարով:


Արդեն երկրորդ օրն է՝ վերոնշյալ տեղեկատվությունը տարածվում է ինչպես վրացական և ռուսական, այնպես էլ՝ հայկական ԶԼՄ-ներում: Տարածված այդ տեղեկատվության գերակշիռ մասը դրական բովանդակությամբ է ներկայացված: Միայն որոշակի բացասական արտահայտումներ են գտել. հիմնականում վրացական լրատվամիջոցներում տարածվող ընդդիմադիր որոշ վրացի գործիչների և մի շարք ՀԿ-ների կարծիքներում, ինչը նաև տրամաբանական է, քանի որ վերջինների դիտարկմամբ՝ հիշյալ պայմանագրով իրացվելու է ՛՛Գազպրոմի՛՛ շահը:


Գանք առավել հետաքրքիր զարգացումներին, որոնք տեղի են ունենում ադրբեջանական լրատվատիրույթում: Բանն այն է, որ ՛՛ադրբեջանական՛՛ քարոզիչները մինչ վրացական կողմի՝ նշված որոշման կայացումն անխնա բացականչում էին, որ ՛՛ռուսներին չի հաջողվի համաձայնության գալ վրացիների հետ՛՛՝ հրապարակելով բավական հնչեղ՝ ՛՛Հայաստանը կզրկվի գազից՛՛, ՛՛ռուսներին չեն կարողանում հայերին օգտակար լինել՛՛, ՛՛Հայաստանը գազ է ստանում ժամկետանց պայմանագրով՛՛ վերտառություններով նյութեր, և ամեն ինչ փոխվեց այն բանից հետո, երբ Վրաստանի էներգետիկայի նախարար Կ.Կալաձեն հայտարարեց, որ «Գազպրոմի» հետ ձեռք բերված փոխհամաձայնության արդյուքնում երկամյա պայմանագիր կկնքվի՝ Հայաստանին գազ մատակարարելու հետ կապված, իսկ տրանզիտային վճարի 10 տոկոսը այլևս չի գործի:


Ավելին. Կալաձեի, ապա նաև նրա տեղակալի մեկնաբանություններից պարզ դարձավ նաև, որ նախկինի համեմատ ՛՛Գազպրոմը՛՛ ավելի էժան է վճարելու վրացիներին: Նշվածն անակնկալ և սառը ջուր էր՝ լցված ադրբեջանցիների գլխին: Վերջինների համար հատկապես ցավոտ էր անշուշտ այն հանգամանքը, որ ՛՛ՍՈԿԱՐ՛՛ ընկերությունը, որը ապահովում է Վրաստանի սպառած գազի շուրջ 90 տոկոսը, ավելի քան մեկ տարի պայքարեց ՛՛Գազպրոմին՛՛ վրացական շուկայից դուրս մղելու ուղղությամբ՝ խոստանալով ապահովել Վրաստանին անհրաժեշտ գազի լրացուցիչ ծավալները, նույնիսկ գները նվազեցրեց: ԻՆչպես տեսանք ապարդյուն: 


Եվ այժմ ադրբեջանական լրատվամիջոցները չգիտեն ինչպես արդարացնեն իրենց նախորդ վերլուծություններն ու մեկնաբանույթունները՝ ձախողված քարոզչության պատասխանատու հերոսներ դառնալով:

 

Ալիկ Էրոյանց