Դուք հերոսացաք
ու Ձեր սխրանքով ազգի հարատև գոյապայքարում
արյունով կերտված հերոսապատման նոր էջ բացեցիք...
Ձեր անունները անմահ են, տղե՛րք:
Նահատակվեցիք
ու սերունդներին լուսավոր կյանքի դարեդար ձգվող ոլորաններում
հույսի, հավատի ու հարատևման նոր ուժ տվեցիք...
Ձեր սուրբ պատգամը մեզ հետ է, տղե՛րք:
Դուք արիացաք.
զարկվելուց առաջ վեր խոյանալով կանգնեցիք ըմբո˜ստ,
զարկեցիք հուժկու՛, զարկեցիք նորի՛ց, կրկի՛ն զարկեցիք, այդպես էլ չընկաք…
Ձեր մարդ տեսակը անպարտ է, տղե՛րք:
Մարտիրոսվեցիք,
և երբ մեր նախնյաց արդար պայքարով պահած Սուրբ Հողը Ձեզ գիրկը կանչեց,
ետ չնայելով մե՛կ էլ զարկեցիք, ու ազգի մահը Դուք Ձեզ հետ տարաք…
Ձեր թողած գործը կիսատ չէ՛, տղե՛րք:
Դուք անմահացաք.
դարձաք Վարդաններ, Վազգեն ու Ավո, դարձաք Նժդեհներ, Հերոսներ դարձաք,
ու վե˜ր հառնելուց մի պահ կանգ առաք, ետ շրջվեցիք ու համոզվեցիք`
Ձեր հայ տեսակը միշտ ճիշտ է, տղե՛րք:
Արմեն Գրիգորյան