Երբևէ լսե՞լ եք, որ կիվիի կեղևը չափազանց օգտակար է առողջության համար, կամ, որ ձմերուկի սերմերը հարուստ են մագնեզիումով և ցինկով: theheartysoul կայքը ներկայացնում է մի քանի մրգեր, որոնք մինչ այս սխալ ենք կերել: Որոշ դիետոլոգներ պնդում են, որ յուրաքանչյուր մրգի և բանջարեղենի ամենաառողջարար հատվածը հենց կեղևն է:
Կիվի– Կիվիի կեղևը պարունակում է մանրաթելեր, որոնք օգնում են նվազեցնել խոլեստերինը, ինչպես նաև՝ հակաօքսիդանտներ և իմունային համակարգը լավացնող վիտամին C: Ելակ- Ելակը մեծ քանակությամբ վիտամին C-ի աղբյուր է: Այս վիտամինը չի սիրում արև, ինչը նշանակում է, որ ամեն անգամ ելակը կտրատելուց՝ նվազեցնում եք դրա օգտակար հատկանիշները: Այնպես որ, խորհուրդ է տրվում ելակը լվանալուց անմիջապես հետո ուտել այն: Ձմերուկ– Հաճախ լսում ենք, որ ձմերուկի սերմերը վնասակար են մեզ համար: Սակայն պարզվում է՝ դրանք ոչ միայն անվնաս են, այլև չափազանց օգտակար են:
Ձմերուկի սերմերը հարուստ են մագնեզիումով և ցինկով, ինչպես նաև՝ պրոտեինների և երկաթի հրաշալի աղբյուր են: Բացի սերմերից, օգտակար է նաև ձմերուկի սպիտակ հատվածը, այն, որ ընկած է ձմերուկի կեղևի և միջուկի միջև: Այս սպիտակ հատվածը հարուստ է վիտամին C-ով, ֆենոլային հակաօքսիդանտներով և ֆլավոնոիդներով: Խնձոր– Ինչպես վիտամին C պարունակող յուրաքանչյուր այլ միրգ, այնպես էլ խնձորը, ամեն անգամ կեղևազատելուց կորցնում է իր օգտակար հատկանիշները: Մյուս կողմից՝ խնձորի կեղևը հարուստ է մի շարք սննդարար տարրերով, որոնք չափազանց օգտակար են օրգանիզմի համար: