Վրաստանում երբեմնի իրենից հզոր քաղաքական ուժ ներկայացնող ՛՛Միացյալ ազգային շարժում՛՛ կուսակցությունը, որի հիմնադիրը նախկին նախագահ Մ Սաակաշվիլին է, պառակտման եզրին է: Դեռևս նախընտրական քարոզչության շրջանում (խորհրդարանական ընտրությունները կայացել են 2016թ.-ի հոկտեմբերի 8-ին), ապա նաև ընտրությունների ավարտից հետո, արդեն իսկ պարզ էր, որ նշված քաղաքական ուժը ներկուսակցական լուրջ խնդիրներ ունի, որոնք հիմնականում պայմանավորված էին/են տարբեր, հիմնականում երկու խմբերի շահերի բախմամբ: Մի մասը դեռևս ընդունում է Սաակաշվիլիի կարծիքը, մյուս մասը, սակայն նշանակություն չի տալիս նրա մոտեցումներին:
Նշվածի արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ կուսակցության ներկայացուցիչներն արդեն հանրային կերպով բացահայտ վիրավորում են իրար և վիճում են միմյանց հետ: Նախկին քաղաքապետ, ՛՛ՄԱՇ՛՛ առաջնորդներից Գիգի Ուգուլավայի՝ ընդամենն օրերս բանտից ազատ արձակման հանգամանքն էլ ավելի է խորացրել այդ ճգնաժամը:
Խորհրդարանում ընդդիմադիր դիրքերից հանդես եկող և ընդամենը 27 պատգամավոր ունեցող ՛՛ՄԱՇ՛՛ խմբակցությունը ևս պատրաստվում է մասնատման, և առանց այն էլ ժամանակի ընթացքում թուլացած ՛՛ուժը՛՛ դրանով էլ ավելի է իր համար խնդիրներ ստեղծում:
Հ.Գ. Ի դեպ, վերջին տարիներին, ընդդիմություն դարձած ՛՛ՄԱՇ՛՛ մի շարք անդամներ պարբերաբար լքել են կուսակցության շարքերն՝ անցնելով ՛՛իշխանության կողմը՛՛ կամ ստեղծել առանձին կառույցներ:
Այժմ էլ խոսակցություններ կան, որ Ուգուլավան դառնալու է իշխանական ուժի համակիր, և դա է պատճառը, որ 4.5 տարի բանտում անցկացնելու փոխարեն, ընդամենը մեկ տարի երեք ամիս պատժաչափը կրելուց հետոՙ այլևս ազատություն է վայելում:
Ալիկ Էրոյանց